Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ առանց ՌԴ աջակցության «հարստանալու» դիտարկումները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի աջակցության բացակայության դեպքում «հարստանալու» հնարավորության մասին դիտարկումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Եթե ​​Փաշինյանը կարծում է, որ երկիրը «կհարստանա»՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող ապահովի դա»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ՝ Գառնի քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները չեն վախենում ապրանքների գների բարձրացումից, եթե Ռուսաստանի հետ կապերը վատթարանան, քանի որ նրանք ակնկալում են հարստանալ՝ երկիրը վերածելով «խաղաղության խաչմերուկի»։

«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ երկիրը կհարստանա, թող հոգ տանի այդ մասին»,- հավելել է Լավրովը։ 

Փաշինյանն անտրամաբանական էր որակել հայտարարություններն այն մասին, թե եվրոպական ուղին ընտրելու դեպքում Հայաստանի համար գազը կարող է թանկանալ։ Նա այդ մասին ասել էր՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքները ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ է ուղարկվել նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի չեղարկման հնարավորության վերաբերյալ ծանուցում այն դեպքում, եթե Երևանը միանա ԵՄ-ին։ Դիվանագետն այսպիսով մեկնաբանել էր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը, որ նախարարությունը որևէ նամակ չի ստացել Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։

Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:

Leave a Comment