Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Մայիսի 28-ի օրվան նվիրված զորահանդես, որի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Շքերթի մեկնարկին 1 րոպե լռությամբ և հրետանային համազարկով հարգել են պատերազմներում զոհված նահատակների հիշատակը։
Զորահանդեսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարտաշարքով անցնելու է շուրջ յոթ երկրի սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Պաշտպանության նախարարությունը զորահանդեսին ներկայացրել է ՀՀ ԶՈւ հետախուզահարվածային «Գայլ» ռոբոտները, ինչպես նաև «Մառախուղ» համալիրը, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։
Ցուցադրվել է նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահապատ մեքենան և ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգ, որը նախատեսված է ստորաբաժանումների կրակային աջակցման, մինչև 6 կմ հեռավորության վրա կենդանի ուժի ոչնչացման և մինչև 40 000 քմ մակերեսով թիրախների կործանման համար։
Զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են «Սարդ» և ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրները, որոնք նախատեսված են տարբեր եղանակային պայմաններում ինքնաթիռների, հրթիռների և ԱԹՍ-ների հարվածներից ռազմական ու պետական կարևորագույն օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։
Ներկայացվել են նաև հայկական արտադրության «Ատլանտ» համակարգը, «Նիզակ» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները, ինչպես նաև «Արսենալ» ընկերության հայրենական արտադրության 120 մմ տրամաչափի «Սևան» ականանետների շարասյունը։
Հրապարակում ցուցադրվել են նաև գործարանային արտադրության 122 մմ տրամաչափի Դ-30 հաուբիցներ և հայկական արտադրության ԱԹՍ-ներ, այդ թվում՝ հետախուզահարվածային F11 ԱԹՍ-ները։ Ներկայացվել են օդային լուսանկարահանման համար նախատեսված ԱԹՍ-ներ՝ քարտեզագրման և հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։
Առանձին ներկայացվել է «Աղեղ» ինքնաթիռային տիպի ԱԹՍ, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ավիացիան։ Երևանի երկնքով անցել են կործանիչներ՝ ձևավորելով եռագույնը։ Զորահանդեսի ավարտին երեխաները խաղաղության աղավնիներ են բաց թողել երկինք։
Փաշինյանի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանի բանակը «ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է», քանի որ ուժեղ և պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է դառնալ ագրեսիայի թիրախ։
Վարչապետը նշել է, որ այսօր ներկայացվել է Հայաստանի «նոր բանակը»՝ նոր սպառազինությամբ, համազգեստով և գաղափարախոսությամբ։ Նրա խոսքով՝ բանակի միակ խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է։
«Մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտարարել է նաև, որ 2022 թվականից ի վեր կառավարությունը շուրջ 170 մլրդ դրամի ներդրում է կատարել ռազմարդյունաբերական համալիրում։ Նա առանձնացրել է Հայաստանում արտադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացումը՝ նշելով, որ դրանք արդեն «վստահ քայլերով» մտնում են միջազգային շուկա։
Զորահանդեսից մի քանի օր առաջ տոնական պաստառների վրա հայտնվել էր բանակի նոր զինանշանը։ ՊՆ-ն սիմվոլիկայի փոփոխությունը պարզաբանել էր 2001 թվականին հաստատված տարբերակի «թերություններով»։ Նոր զինանշանի մասին որոշումն ընդունվել էր առանց հանրային քննարկման։
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին զորահանդեսի անցկացումը քննադատության է արժանացել մի շարք գործիչների կողմից։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանություններն «առանց ամոթի զորահանդես են անցկացնում»՝ ընդգծելով, որ հպարտանալու ոչինչ չունեն։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը զորահանդեսն անվանել է նախընտրական և նշել «միմյանց հետ անհամատեղելի» սպառազինության ձեռքբերման մասին։
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկա պայմաններում զորահանդեսի անցկացումն անբարոյական էր համարել՝ նշելով, որ բանակը կառուցվում է նախևառաջ բարոյական և հայրենասիրական ոգու վրա։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեղի ունեցողն անվանել էր «անբարոյական քաղաքական հնարք ընտրություններից առաջ»՝ հավելելով, որ զորահանդեսն օգտագործվում է պետության հաշվին քաղաքական գովազդի համար։
