Եկեղեցին միասնության ու ազգային գիտակցության կոչով շնորհավորել է Հանրապետության օրը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հանրապետության տոնի առիթով հայրապետական օրհնություն և շնորհավորանք է հղել համայն հայությանը՝ միասնության ու ազգային ինքնագիտակցության կոչով։ Նա տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

«Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Գարեգին Բ-ն հիշեցրել է Եկեղեցու վճռորոշ դերի մասին Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում, որոնք նախորդեցին 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրմանը։ Նա նշել է, որ Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականությունը ժողովրդի հետ միասին մասնակցել են կենաց ու մահու այդ պայքարին։

Գարեգին Բ-ն 1918 թվականի իրադարձությունները կապել է ներկա ժամանակների հետ՝ հավելելով, որ այսօր նույնպես ազգի նվիրյալ զավակները կյանք են տալիս հանուն Հայաստանի անվտանգության և պետականության։

«Շատերն իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում»,- նշել է նա։

Կալանքի տակ գտնվող «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ։

Հոգևորականի խոսքով՝ այսօր Հայաստանը կրկին կանգնած է իր գոյությանը սպառնացող վտանգի առաջ:

Գալստանյանը հիշեցրել է Հանրապետության կայացման գործում եկեղեցու դերի մասին՝ ի դեմս Գևորգ Ե Սուրենյանցի, որի խոսքը նրա համոզմամբ դարձել էր ինքնագիտակցության բարձրակետ ցեղասպանված ժողովրդի համար։

«Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին թշնամու, այլ նաև ներքին թշնամու դեմ` նախ մեր տունը ազատագրելու, և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի հետ միասին»,- նշել է նա։

Սրբազանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բացառապես համախմբման և համազգային ու պետական իրական արժեքների վերականգնման միջոցով։

Leave a Comment