Ի՞նչ է ակնարկում Մոսկվան՝ Հայաստանին ուղղված տնտեսական սպառնալիքներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի՞նչ է ակնարկում Մոսկվան՝ Հայաստանին ուղղված տնտեսական սպառնալիքներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի կողմից Հայաստանին ուղղված հնարավոր տնտեսական ճնշումների թեման նոր զարգացումներ է ստանում։ «Կոմերսանտ»-ը հանդես եկավ հրապարակմամբ՝ նշելով, որ Մոսկվան կարող է դադարեցնել Հայաստանին արտոնյալ պայմաններով գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումները։ Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվում։ Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման հարցը պետք է ուղղել «Գազպրոմին»։

Միևնույն ժամանակ, Պեսկովը չի հերքել քաղաքական լարվածության առկայությունը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ օրակարգը բարդացել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Մինչ Կրեմլը փորձում է պահպանել զուսպ հռետորաբանություն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի կոշտ ձևակերպումներ է օգտագործել։ Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն զգուշացրել է Երևանին հնարավոր հետևանքների մասին։

Այս խոսակցությունները համեմվում են Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին օրենքի հիշատակումներով։ Ռուս պաշտոնյաները պարբերաբար հիշեցնում են, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։

Սակայն Հայաստանն առայժմ չի շտապում այս հարցով որոշում կայացնել։ Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցը որոշելու է ժողովուրդը։

Մինչ այդ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի նկատմամբ կիրառել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու հոգեբանական ճնշում։

«Դա զգուշացնող նամակ է, և դա կանխարգելիչ է, որպեսզի որոշակի նշանակություն ունենա, կանխարգելիչ՝ ոչ այդքան իշխանությունների համար, որովհետև իշխանության տեսակետն արդեն Ռուսաստանը մոտավորապես գիտի և լսել է, նաև անձամբ մեր վարչապետը պատասխանեց Ռուսաստան Պուտինին այդ դրույթի ժամանակ։ Հետևաբար, այս ամբողջն ավելի շատ ուղղված է դեպի ժողովրդին»,- ասում էնա։

Տնտեսագետի խոսքով՝ Մոսկվան շատ լավ գիտի Հայաստանի խոցելի կողմերը և օգտագործում է դրանք որպես ազդեցության լծակ. «Ռուսական գազը՝ հիմնականում 80 %, 82 % ռուսական գազով է ապահովում Հայաստանի տնտեսությունը և իր բնակչությանը։ Հետևաբար, այդ 80,82 %-ը փոխարինելը շատ դժվար կլինի մեզ համար։ Այլընտրանքային կարող է լինել, ասենք թե, որ մենք այն հոսքագիծը, որ հիմա ունենք գազի մատակարարման Իրանի հետ, 4 անգամ ավելի հզոր, կամ 4 հատ այդպիսի գծեր կառուցենք, որոնք որ, ասենք, տարիներ հետո կարող են, ենթադրենք, թե ռուսական գազը փոխարինել իրանական գազով, սա մի տարբերակ է։ 2-րդ տարբերակը, որ այլընտրանքային է, որ մենք կարող ենք աստիճանաբար, էլի տարիների ընթացքում, անցնենք էլեկտրական էներգիայի»։

Մակարյանը նշում է՝ տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանին արտոնություններ է տվել՝ ԵԱՏՄ-ում պահելու համար, իսկ հիմա այդ արտոնությունները վերածվում են ճնշման գործիքի. «Ռուսաստանն այդ արտոնությունը մեզ տվել էր այն ժամանակ, երբ Հայաստանը ցանկություն էր հայտնել դառնալու ԵԱՏՄ անդամ։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ դառնալու գայթակղությունն ուժեղացնելու համար, Հայաստանին համոզելու համար, կամ Հայաստանի քայլը գնահատելով, կարող ենք էդպես էլ ասել, Ռուսաստանը տվել էր արտոնություն Հայաստանին՝ իր գազի և նավթամթերքի նկատմամբ չկիրառել իր երկրի արտահանման տուրքերը։ Հետևաբար, էդ մաքսատուրքերը հիմա կարող է օգտագործել արդեն, կիրառել, եթե մտածում է, որ Հայաստանը ցանկանում է դուրս գալ, կամ Հայաստանին, ասում է, հասկացնել է տալիս, որ դու պիտի վերջնական կողմնորոշվես»։

Մակարյանը զգուշացնում է՝ եթե գազի և նավթամթերքի գները բարձրանան, դա անմիջապես կազդի ամբողջ տնտեսության վրա։

Տնտեսագետի համոզմամբ՝ եթե Հայաստանը ցանկանում է իրական անկախություն և ինքնուրույն քաղաքականություն վարել, պետք է արդեն հիմա սկսի նվազեցնել արտաքին կախվածությունները և ունենալ էներգետիկ ու պարենային անվտանգության իրական ռազմավարություն։

Մինչ այդ, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն էլ ասել է, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում բացառվում է Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։

Leave a Comment