ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ստացել է ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի հնարավոր չեղարկման մասին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ ԱԳՆ-ից։
«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵՆ-ին ուղղված նամակը, որը կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության՝ կարձագանքի»,- ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Հավելենք, որ ՌԴ-ն հայտարարել էր, որ կարող է միակողմանիորեն կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների անմաքս մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը։
Այդ ուղերձը տեղ էր գտել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ համապատասխան գերատեսչությանն ուղղված նամակում։ Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման շարունակական քայլերը վտանգում են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմքերը։
