ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու և Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ ակտիվ քննարկումները մեծապես պայմանավորված են երկրում սպասվող ընտրություններով։
«Մասնավորապես այն պատճառով, որ շուտով ընտրություններ են լինելու։ Հայաստանի քաղաքական ուժը կարծում է, որ եվրոպամետ կողմնորոշումը դուր կգա հայ ընտրողներին»,- լրագրողներին ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ին Հայաստանում համակրում են այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Մոսկվայի հետ կապերի օգտին։
«Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք չեն կիսում երկրի ղեկավարության այս մոտեցումը։ Այդ ուժերը մեզ համակրում են, և մենք դա չենք թաքցնում»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը ժամանակին «շատ խելամիտ որոշում» էր, որը երկրին զգալի տնտեսական օգուտներ է բերել։
«Հայ ժողովուրդը օգտվում է ԵԱՏՄ անդամակցության առավելություններից։ Հայաստանի ներկայիս բարձր տնտեսական աճը պայմանավորված է ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է սուբսիդավորվող ապրանքներ՝ ոչ միայն էներգակիրներ, այլև այլ ապրանքներ։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների շուկաներն ունի իր ապրանքների համար»,- ասել է Պեսկովը։
Նա նաև կտրականապես հերքել է այն պնդումները, թե Մոսկվան Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության թեման օգտագործում է երկրի ներքաղաքական գործընթացների կամ ընտրությունների համատեքստում։
«Մենք չէ, որ Հայաստանում օրենք ընդունեցինք եվրոպական ուղղության մասին։ Այդ օրենքն ընդունել է Հայաստանը։ Դա արդեն ոչ միայն հայտարարություն է։ Ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ»,- նշել է նա։
Պեսկովի խոսքով՝ եթե Հայաստանի եվրոպական կողմնորոշումը սկսի խոչընդոտել ԵԱՏՄ շրջանակում ինտեգրմանը, ապա անհրաժեշտ կլինի հանրաքվե։
«Այս պահին երկիրը հայտարարում է, որ մնում է Միության կազմում։ Բայց եթե այլ ուղղությամբ կողմնորոշումը սկսի խանգարել, այդ դեպքում անհրաժեշտ կլինի ժողովրդի որոշումը»,- ասել է նա՝ հավելելով, որ «ժողովուրդը խելացի է և կգնահատի իրավիճակը»։
