ՆԳՆ-ն հերքել է Արցախի «070» կոդով անձնագրով ընտրություններին մասնակցելու մասին լուրը

ՀՀ ՆԳՆ-ն հերքել է Արցախի «070» կոդով անձնագրերով ՀՀ ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը։

Նշվում է, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ըստ ՆԳՆ-ի՝ Արցախից տեղահանվածները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ և հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է

ՆԳՆ-ից հավելել են, որ տարածվող 3 դատական ակտերը, որով դատարանն իրավունք է տալիս Արցախի քաղաքացիներին մասնակցել ՀՀ ընտրություններին, կայացվել են քաղաքացիական և ոչ թե վարչական դատարանում։ ՆԳՆ-ն տվյալ որոշումները բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունք»։

Այսօր ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արցախից բոլոր բռնի տեղահանվածներն օրինական իրավունք ունեն մասնակցելու Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ անկախ քաղաքացիության պաշտոնական ձևակերպման փաստից կամ «070» կոդով անձնագրի առկայությունից։ Նա ընդգծել էր, որ այս հարցով արդեն կան իրավական նախադեպեր և Հայաստանի վարչական դատարանը մայիսին օրինական ուժի մեջ մտած երեք որոշում է կայացրել։

Մայիսին Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ բարձրաձայնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որոնց կմասնակցեն 18 կուսակցություններ և դաշինքներ։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ի կեսգիշերին։

Leave a Comment