ԼՀԿ-ն պահանջել է Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից – armeniatoday.am

«Լուսավոր Հայաստան»  կուսակցությունը (ԼՀԿ)  Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է դիտորդական հավատարմագրումից զրկել «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին։ 

ԼՀԿ – ն մայիսի 27-ին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ բողոքարկելով իր դեմ իրականացվող թիրախավորված հակաքարոզչությունը։

«Խախտվել են քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Էդմոն Մարուքյանն իր տեսաուղերձում Իոաննիսյանին մեղադրել է իշխանությունների օգտին գործունեություն ծավալելու և «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչություն իրականացնելու մեջ։

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» դեմ հակաքարոզչությունը սկսվել է այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել, որ քաղաքական ուժը խորհրդարան անցնելու շանսեր ունի։ Եվ, ազդակներ ստանալով իշխանություններից ու Ադրբեջանից, Իոաննիսյանը արշավ է սկսել իրենց դեմ։

«Ինչի՞ չէր նա դա անում երկու շաբաթ առաջ, որովհետև երկու շաբաթ առաջ չէր երևում, որ Լուսավոր Հայաստանը կլինի պառլամենտում, հիմա երևում է, քանի որ երևում է, մեր դեմ արդեն կիրառվել են բոլոր տեսակի միջոցները»,- հայտարարել է Մարուքյանը։

Նա ընդգծել է, որ դիտորդը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն և իրավունք չունի մասնակցել որևէ քաղաքական ուժի օգտին քարոզչությանը կամ դրա դեմ հակաքարոզչությանը։

ԼՀԿ առաջնորդը հավելել է, որ Իոաննիսյանի կողմից իրենց կուսակցության դեմ հրապարակված նյութերը պատրաստվել են Ադրբեջանի հեղինակների կողմից։

«Ադրբեջանում էլ չեն ուզում, որ «Լուսավոր Հայաստանը» լինի ապագա խորհրդարանում։ Շատ ակնհայտ է այս ամեն ինչը… բայց որ Դանիել Իոաննիսյանը, որպես անկախ դիտորդ, ուղղակի որպես շատ հետևորդներ ունեցող մարդ, որպես մեդիայում ազդեցիկ մարդ, նա դա օգտագործում է մեր դեմ, սա էլ արդեն մյուս սերիան է»,- հայտարարել է նա։

Իոաննիսյանը պնդում է, որ որևէ խախտում թույլ չի տվել։ Այդ մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը՝ նշելով, որ նման դիմում ներկայացնելը «Լուսավոր Հայաստան» կուսակցության իրավունքն է։

Հայաստանում Ազգային ժողովի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, որին կմասնակցի 18 քաղաքական ուժ։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։

Leave a Comment