BYD-ի և շվեյցարական Chopard բրենդի համատեղ ստեղծած բացառիկ Denza Z9 GT էլեկտրական մեքենան վաճառվել է 815 հազար դոլարով՝ դառնալով երբևէ վաճառված ամենաթանկ Denza-ն։ Մեքենան աճուրդի է հանվել Ֆրանսիայում անցկացված amfAR բարեգործական գալայի ընթացքում, իսկ ստացված միջոցները կուղղվեն ՁԻԱՀ-ի հետազոտական ծրագրերին։
Յուրահատուկ Denza Z9 GT-ն ներկայացվել է Կաննի կինոփառատոնի շրջանակում՝ Անտիբ քաղաքում։ BYD-ը նշել է, որ այն ստեղծվել է հատուկ այս բարեգործական աճուրդի համար և աշխարհում գոյություն ունի միայն մեկ օրինակով։ Մեքենան ստացել է ոսկեգույն արտաքին դետալներ և ամբողջովին վերաձևավորված ինտերիեր՝ ոգեշնչված Chopard-ի զարդարվեստից։
Սրահում օգտագործվել են ամեթիստի երանգներով հարդարանք, թանկարժեք քարեր հիշեցնող կառավարման կոճակներ, Chopard-ի «C» տարբերանշանով ասեղնագործություններ, բրենդավորված անլար լիցքավորման հարթակներ։ BYD-ի փոխնախագահ Լի Կեն նշել է, որ նախագիծը համատեղել է ավտոմոբիլային տեխնոլոգիաներն ու բարձրակարգ շքեղ դիզայնը՝ միաժամանակ աջակցելով բարեգործական նախաձեռնությանը։
