Մայիսի 28-ի «զորահանդեսի խորհուրդը»




1in.am Հարավային Կովկասի երկու պետությունների՝ Վրաստանի և Ադրբեջանի, նախագահները պետական անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստանում։ Հարյուր ութ տարի առաջ Վրաստանը և Ադրբեջանը հռչակել են անկախություն և համապատասխանաբար տոնում են մայիսի 26-ին և 28-ին։ Հայաստանը անկախությունը տոնում է սեպտեմբերի 21-ին։ Դա այն օրն է, երբ անցկացվել է ԽՍՀՄ-ից անկախության հանրաքվե։ Նման հանրաքվե Վրաստանը անցկացրել է 1991թ․ մարտի 31 -ին, Ադրբեջանը՝ նույն տարվա դեկտեմբերի 28-ին։


 


«Մենք, Վրաստանի քաղաքացիներս․․․ հենվելով վրաց ժողովրդի պետականության դարավոր ավանդույթների և Վրաստանի 1921թ․ սահմանադրության պատմա-իրավական ժառանգության վրա․․․ հռչակում ենք սույն Սահմանադրությունը»,- ասված է Վրաստանի գործող սահմանադրության նախաբանում, իսկ «Ադրբեջանի ժողովուրդը» հիմնական օրենք ընդունել է՝ «շարունակելով իր պետականության բազմադարյա ավանդույթները» և «գիտակցելով պատասխանատվությունը անցյալ, ներկա և ապագա սերունդների առջև», ինչպես նաև՝ «գործի դնելով իր ինքնիշխան իրավունքը»։


 


Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանի սահմանադրությունը ընդունվել է ոչ թե նրա քաղաքացիների կամ ժողովրդի, այլ՝ «հայ ժողովրդի» անունից՝ «հիմք ընդունելով «․․․անկախության մասին հռչակագրով հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատատենչ նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը»։


 


Հայաստանի գործող սահմանադրության նախաբանը, այսպիսով, պատմա-իրավական կապ չի արձանագրում ոչ միայն հեռավոր անցյալի ազգային պետականության ավանդույթների, այլև առաջին Հանրապետության հետ։ Պատճառը, թերևս, այն է, որ 1918թ․ -ի մայիսյան այս օրերին Վրաստանը և Ադրբեջանը հռչակվել են որպես պետություն, իսկ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն կոչել է «Անդրկովկասի հայաբնակ գավառների կառավարիչ»։


 


Ըստ այդմ, ստացվում է, որ մեր երկու անմիջական հարեւանները ոչ միայն «պետականության դարավոր ավանդույթներ ունեն», այլև 1918թ․ մայիսի 26-ին և 28-ին հռչակել են անկախ պետություն և ԽՍՀՄ փլուզման հետ վերահաստատել իրենց միջազգային սուբյեկտությունը, իսկ Հայաստանը՝ ստանձնել Հայկական ԽՍՀ իրավահաջորդությունը։ Անկախության մասին 1990թ․ Հռչակագիրը ուղղակի ասում է, որ «ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ ՀՀ»։


 


Հայաստանը պատրաստվում է նոր սահմանադրություն ընդունել։ Ի՞նչ խմբագրություն է ունենալու նախաբանը։ Հնարավո՞ր է գտնել այնպիսի ձևակերպումներ, որ թույլ կտան մայիսի 28-ը Հայաստանում սահմանել «Անկախության օր»։ Ռուսաստանի և Հայաստանի միջև «տարաձայնությունները» չափազանց խորքային են։ Դրանք հաղթահարելու համար Հայաստանի սահմանադրությունը, երևի, պետք է փակի «հայերը պետականության համար պարտական են Ռուսաստանին» խոսույթը։ Գուցե մայիսի 28-ի զորահանդեսը, որ անկախ Հայաստանում առաջին անգամ այդ օրն է անցկացվում, նման «խորհու՞րդ ունի»։


 


 


Leave a Comment