Հայաստանը ՌԴ-ից վառելիքի ու ադամանդի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով նամակ չի ստացել. ՀՀ ՏԿԵՆ




 

tert.am. Հայաստանը ՌԴ-ից վառելիքի ու ադամանդի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով նամակ չի ստացել: Այս մասին հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


 


Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, թե իբր Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։


 


Պարբերականը գրել է, թե Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ որևէ նամակ, գրություն նշվածի վերաբերյալ չեն ստացել։


 


2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։


 


Ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման՝ եթե համաձայնագիրը դադարեցվի, Հայաստանը պարտավոր կլինի Ռուսաստանին փոխհատուցում վճարել կամ չվճարված գումարները կճանաչվեն որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանի Դաշնությանը։


 


 


Leave a Comment