Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդաշարի հյուր, տնտեսագետ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանն անդրադարձել է ՀՀ-ի տնտեսական իրավիճակին և արտաքին մարտահրավերներին։ Ըստ տնտեսագետի՝ իշխանությունների հայտարարած դիվերսիֆիկացման ֆոնին դեպի ԵԱՏՄ արտահանման մասնաբաժինը աճել է՝ հասնելով 38%-ի, ինչը վկայում է մեկ շուկայից կախվածության մեծացման մասին։
Նա խոսել է նաև գազի գնի հնարավոր թանկացման, ծայրահեղ աղքատության հաղթահարման, բյուջեի արդյունավետության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի մասին, ապա կոչ է արել քաղաքացիներին անպայման գնալ ընտրությունների։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի (ջերմուկ, ծաղիկներ) ներմուծման արգելքները և գազի սակագնի հնարավոր վերանայումը դիտարկվում են որպես լուրջ սպառնալիք, որոնք կբերեն շղթայական թանկացումների և կյանքի որակի անկման։
«Եթե Հայաստանում գազի գինը վերանայվի, դա ազդելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի վրա. գնաճը լինելու է շատ ցավոտ»,- նշել է տնտեսագետը։
Ղարաջյանը փաստում է, որ 2020 թվականի համեմատ, 2025 թվականի տվյալներով Հայաստանի արտահանման մասնաբաժինը դեպի ԵԱՏՄ շուկա 28%-ից աճել է մինչև 38%, ինչը հերքում է իշխանությունների՝ տնտեսության բալանսավորման մասին թեզերը։
«Ի՞նչ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին է խոսքը։ Մեր տնտեսական կախումը մեկ պետությունից ազդում է ձևավորվող բյուջեի, թոշակների, պետական սեկտորի աշխատավարձերի, ճանապարհաշինության, արտաքին պարտքի սպասարկման վրա»,- պարզաբանել է նա։
Մասնագետը պատմել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջարկում է ստեղծել հատուկ պետական հիմնադրամ, որը բյուջեի և սփյուռքի միջոցների հաշվին երկրում հաշվառված շուրջ 18 000 ծայրահեղ աղքատ անձանց կտրամադրի հավելյալ 30 000-ական դրամ նպաստ։
«Բարեհաջող ավարտելուց հետո այդ հիմնադրամը կանցնի արդեն աղքատության վերացմանը, ոչ թե միայն ծայրահեղ աղքատությանը։ Եթե 18 000-ը մենք բազմապատկում ենք 30 000 դրամով, ապա շատ մեծ բյուջեի մասին չի խոսքը ու շատ արագ, հեշտ լուծվող հարց է»,- հավաստիացրել է նա։
Տնտեսագետը շեշտել է ընտրություններին բարձր մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ պասիվությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը որոշել ամբողջ հասարակության ապագան հաջորդ 5 տարիների համար։
«Պատասխանատու են բոլորը, ով չի գնում ընտրության, իսկ ով գնում է ընտրության, ես կասեի ավելի քիչ պատասխանատու է, որովհետև ինքը հավատքով, գաղափարով գնացել է, իր ընտրությունը կատարել է, այդ դիմացի կողմը չի կատարել իր խոստումները։ Իսկ այն ընտրազանգվածը, որը չի գնում, իմ սուբյեկտիվ կարծիքով, ավելի պատասխանատու են»,- պարզաբանել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
