ՊՆ-ն պարզաբանել ԶՈւ նոր զինանշանի վրա խաչը հավերժության նշանով փոխարինելու պատճառը

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Հանրապետության օրվան նվիրված տոնական պաստառներին Զինված ուժերի նոր խորհրդանիշի հայտնվելուց մի քանի օր անց պարզաբանումներ է հրապարակել խորհրդանիշի փոփոխության դրդապատճառների վերաբերյալ։ Գերատեսչությունը զինանշանի արդիականացումը հիմնավորել է 2001 թվականին հաստատված տարբերակում առկա թերություններով։

Մասնավորապես, ըստ ՊՆ գնահատականի, նախկին զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, պատկերված էր փակ կտուցով, ինչը «հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ»։ Բացի այդ, նախարարության դիտարկմամբ, բնութագրական այդ տարբերակում բացակայում էին կենդանու հիմնական մարմինը, վերջույթներն ու ճանկերը, ինչը զինանշանին «անզորության տեսք էր հաղորդում»։

Գերատեսչության պնդմամբ՝ ՀՀ զինված ուժերի նոր զինանշանում արծվի կերպարը վերաիմաստավորվել է և պատկերված է ամբողջական մարմնավորմամբ, իսկ «բաց կտուցը խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն և զգոնություն»։ Կենդանու թիկունքում պատկերված է շողացող ոսկեգույն արև, որի մեջ հեղինակները տեսնում են հայ ժողովրդի հարատևման, հավերժականության ու իշխանության մարմնավորումը։

ՊՆ-ի գնահատմամբ՝ նախկին տարբերակում սուրը վահանի հետևում տեղադրելը խորհրդանշում էր «պաշտպանությանը ոչ պատրաստ լինելը», իսկ պետական դրոշի ներկայացումը առանձին ժապավեններով ՊՆ-ն որակել է որպես «մասնատված պետականության տեսողական ընկալում»։

Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահանը՝ զարդարված հայկական ութաթև արևախաչով և կենտրոնում՝ սերմնահատիկով։ Ըստ ՊՆ-ի՝ սա խորհրդանշում է ապագա զինվորներին։

Իր ճանկերում արծիվը բռնել է պատմական նշանակություն ունեցող զենքեր՝ ձախում՝ ոսկեգույն սուր, որը, գերատեսչության պաշտոնական դիրքորոշման համաձայն, մատնանշում է մշտապես պատրաստ կարգավիճակը: Աջում՝ Աշոտ Երկաթի Սուրբ Խաչը, որը, նախարարության հաղորդագրության համաձայն, համարվում է հայկական բանակի զինվորական պահապանը։

Պաշտպանական գերատեսչությունից հավելում են, որ բանակի կերպափոխման հայեցակարգով նախատեսված բարեփոխումները ՀՀ զինված ուժերում կշարունակվեն։

Նոր խորհրդանիշի ընդունման որոշումը կայացվել է առանց հանրային քննարկման, իսկ քաղաքացիները փոփոխության մասին տեղեկացել են միայն Մայիսի 28-ի հանրապետական շքերթից առաջ, երբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում հայտնվել են նոր խորհրդանիշով տոնական ձևավորումներ և դեկորացիաներ։

Leave a Comment