Մայիսի 27-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի քննությունը։ Դատական նիստի սկզբում դատարանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ գործով հանրային մեղադրանքի իրականացումը վերապահվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազներ Հրանուշ Միքայելյանին և Պավել Ղուկասյանին։
Նիստի ընթացքում քննարկվեց նաև պաշտպանների բացակայությամբ դատական նիստը շարունակելու հարցը։ Պաշտպան Աբգար Պողոսյանը հայտնեց, որ փաստաբան Դավիթ Ավանեսյանի զինվորական վարժական հավաքներին մասնակցելու պատճառով վերջինս շուրջ 25 օր չի կարող ներկայանալ նիստերին, ինչի հետևանքով կարող էին հետաձգվել մի շարք դատական նիստեր։ Պողոսյանը միջնորդեց իրեն ներգրավել նաև մեղադրյալներ Տիգրան և Արմեն Մաթևոսյանների շահերի պաշտպանության գործում։ Մեղադրյալները դատարանում հաստատեցին, որ կամավոր հրաժարվում են առանձին պաշտպան ունենալու իրավունքից և համաձայն են, որ իրենց շահերը ներկայացնի Աբգար Պողոսյանը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ արձանագրելով, որ շահերի բախում առկա չէ։
Հաջորդիվ դատարանը շարունակեց տեսագրությունների և ներքին դիտման ձայնագրությունների ուսումնասիրությունը։ Պաշտպան Հռիփսիմե Գասպարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք հատվածների վրա, որոնք, ըստ նրա, էական նշանակություն ունեն գործի քննության համար։ Մասնավորապես հրապարակվեցին խոսակցություններ, որոնց ընթացքում քննարկվում էին դեպքի պահին տարբեր անձանց գտնվելու վայրերը, ինչպես նաև ցուցմունքների բովանդակությանը վերաբերող հանգամանքներ։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ այդ խոսակցություններից հետևում է՝ որոշ վկաներ դեպքի ականատես չեն եղել, սակայն փորձել են իրենց ցուցմունքները համապատասխանեցնել արդեն առկա տեղեկություններին և տեսագրություններին։
Հանրային մեղադրողը, նշելով, որ նոր է ներգրավվել գործի քննությանը և դեռ ամբողջությամբ չի հասցրել ուսումնասիրել բազմածավալ նյութերը, միջնորդեց հետաձգել իրեղեն ապացույցների հետազոտությունը՝ իրեն ժամանակ տրամադրելով ամբողջ գործին ծանոթանալու համար։ Պաշտպանական կողմը չառարկեց միջնորդությանը՝ ընդգծելով, որ գործը մեծածավալ է և հանրային մեղադրողի խնդրանքը ողջամիտ է։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մեղադրյալներ Տիգրան Մաթևոսյանի և Գրիգոր Ռուբենյանի նկատմամբ կիրառված կալանքների ժամկետների երկարաձգման հարցերը։ Հանրային մեղադրողը պնդեց, որ շարունակում են առկա մնալ վարույթին խոչընդոտելու, վկաների և տուժողների վրա ազդեցություն գործադրելու ռիսկերը, քանի որ վերջիններս դեռևս չեն հարցաքննվել։
Պաշտպան Աբգար Պողոսյանը Տիգրան Մաթևոսյանի մասով հայտարարեց, որ կալանքի շարունակական կիրառումը հիմնավորված չէ, քանի որ գործով հիմնական ապացույցների մի մասը արդեն հետազոտվել է, իսկ վկաների վրա ազդեցություն գործադրելու վերաբերյալ որևէ նոր փաստական տվյալ չկա։ Նա միջնորդեց խափանման միջոցը փոխել տնային կալանքով։
Գրիգոր Ռուբենյանի պաշտպան Ալեքսան Թումասյանն էլ իր հերթին քննադատեց կալանքի երկարաձգման հիմնավորումները՝ նշելով, որ դատարանն ու մեղադրող կողմը կրկնում են նույն պատճառաբանությունները՝ առանց նոր հանգամանքների ներկայացման։ Նրա խոսքով՝ շարունակական կալանքը այլևս արդարացված չէ և հակասում է ինչպես ներպետական, այնպես էլ եվրոպական դատական պրակտիկային։
Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց Տիգրան Մաթևոսյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, իսկ Գրիգոր Ռուբենյանի նկատմամբ՝ ևս երկու ամսով։
Նիստի ավարտին դատարանը հայտնեց, որ հաջորդ փուլում նախատեսվում է անցնել տուժողների հարցաքննությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2026 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին։
Մանրամասները տեսանյութում։