Հայաստանի դպրոցականների թիմը 5 բրոնզե մեդալ է նվաճել Սոչիում կայացած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը և Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվին Շահինյանը, 12-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Օհանյանը, ինչպես նաև Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Նիկոլյանը։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող և ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դասավանդող Սյուզան Մարությանը։
Օլիմպիադան անցկացվել է մայիսի 15-ից 22-ը ՌԴ Կրասնոդարի երկրամասի «Սիրիուս» դաշնային տարածքում։ Ստուգատեսին մասնակցել է 17 երկրի ավելի քան 100 դպրոցական։
Մրցույթը բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային)։
