Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, նրան 3 ամսով կալանավորել են։
Նրան 3 ամսով կալանավորելու մասին Armenia Today-ը տեղեկացել է դատախազությունից։
Ղուկասյանը 2025-ի սեպտեմբերից անցնում էր շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթով։ Նոյեմբերին Քննչական կոմիտեից տեղեկացել էին, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն հատկանիշով։ 2025-ի նոյեմբերին Ղուկասյանին կալանավորել էին, 2026-ի ապրիլին Ղուկասյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Հայտնի չէ, թե մասնավորապես որ վարույթով են Ղուկասյանին կալանավորել։
«5-րդ ալիքի» տեղեկություններով՝ նախօրեին Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել։
Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն, ըստ լրատվամիջոցի, դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատել է այս տեղեկությունները։
Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասել է Հովհաննես Ղարաքեշիշյանը:
Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:
