Իսրայելը հայտնել է հարավային Լիբանանի 34 գյուղի վրա առաջիկա օդային հարվածների մասին

Հարավային Լիբանանի 34 գյուղերի բնակիչները Իսրայելի բանակից նախազգուշացում են ստացել այնտեղ գտնվող շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա առաջիկա օդային հարվածների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իսրայելի բանակի խոսնակ Ավիխայ Էդրին X-ում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է, որ լիբանանցիները լքեն վտանգավոր գոտին:

«Շիա զինյալների, նրանց օբյեկտների կամ ռազմական տեխնիկայի մոտակայքում գտնվող յուրաքանչյուր ոք լուրջ վտանգի է ենթարկում իր կյանքը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դուք պետք է անհապաղ լքեք գյուղերը և տեղափոխվեք առնվազն 1000 մետր հեռավորության վրա» – ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 21 տվյալներով՝ Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3089-ի։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։

Leave a Comment