Միրզոյանը չի հստակեցրել՝ արդյո՞ք գերիների թեման քննարկվել է Ռուբիոյի հետ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հայ գերիների խնդիրը մնում է հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում։

Արձագանքելով Armenia Today-ի հարցադրմանը՝ գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել՝ արդյո՞ք այդ թեման քննարկվել է մայիսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում Ռուբիոյի հետ կայացած հանդիպմանը։ Ռուբիոն այսօր ցերեկը ժամանել էր Երևան և ավելի քան մեկ ժամ օդանավակայանում գտնվելուց ու ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելուց հետո մեկնել է երկրից։

«Երբեմն գերիների հարազատներն էլ են հասկանալի անհանգստությամբ ու մտահոգությամբ հարցը բարձրացնում։ Գերիների հարցը մեր զրույցների կետերից մեկն է, կարիք չկա ամեն անգամ հավաստիացնելու, որ այդ հարցը երկխոսության մասն է», – նշել է նա:

Միրզոյանը կոչ է արել թեմայի շուրջ անարդյունք քննարկումներ ծավալելու փոխարեն սպասել հստակ արդյունքների։ Գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ սա այն ոլորտն է, որտեղ հաջողություն արձանագրվելու դեպքում «դրա մասին միանգամից բոլորը կիմանան»։

ԱԳ նախարարը պնդել է, որ ամերիկյան կողմն էլ հետաքրքրություն ունի այս հարցի նկատմամբ և մեծ ջանքեր է գործադրում դրա լուծման համար։

Ռուբիոյի այցի ժամանակ վավերացվել էին ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», ինչպես նաև «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։

Ռուբիոյի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ՝ Ամերիկայի հայկական համագումարը կոչ էր արել՝ ջանքեր գործադրել հայ գերիներին ազատ արձակելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։

Արցախի ղեկավարները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։

Leave a Comment