Հայաստանում ձևավորվում է «պլան Բ»-ի տրամաբանություն. Սաֆարյան

Հայաստանում ձևավորվում է «պլան Բ»-ի տրամաբանություն. Սաֆարյան

«Radar Armenia»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

— Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ եթե իրենք հաղթող չճանաչվեն, ժողովուրդը կարող է «հեղափոխություն» ստանալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

— Ես այս հայտարարության մեջ երեք հիմնական բաղադրիչ կտեսնեի։

Ներքաղաքական և ընտրական հաշվարկ․ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, բավականին լավ տեղյակ է վերջին ամիսների սոցիոլոգիական հարցումների արդյունքներին և հասկանում է, որ իրավիճակն այլևս այն չէ, ինչ 2021 թվականին էր։ Այս փուլում նա ոչ միայն ընդդիմադիր դաշտի անվիճելի առաջատարը չէ, այլև կան գնահատականներ, որ առանձին մասնակցության պարագայում կարող է խնդիր ունենալ ընտրական շեմը հաղթահարելու հարցում։

Այդ պատճառով նա փորձում է ավելի կոշտ ու արմատական հռետորաբանությամբ իր շուրջ համախմբել այն ընտրազանգվածին, որը վերջին շրջանում մասամբ տեղափոխվել է Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող դաշտ։ Այս հայտարարությունն ավելի շատ ուղղված է հենց արմատական տրամադրվածություն ունեցող ընտրողներին՝ ցույց տալու համար, որ ինքն է «պայքարի գլխավոր դերակատարը»։

Հետընտրական ինքնապաշտպանության տրամաբանություն․ երկրորդ շերտը ներքաղաքական պայքարի տրամաբանությունն է։ Վերջին շաբաթներին իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից ակնհայտ է դարձել, որ ընտրություններից հետո հնարավոր են ավելի կոշտ քաղաքական ու իրավական գործընթացներ ընդդիմադիր որոշ դերակատարների նկատմամբ։

Քոչարյանը հասկանում է, որ ընտրություններն իր համար մեծ անակնկալներ չեն խոստանում, և հիմնական պայքարը կարող է տեղափոխվել հետընտրական փուլ։ Այդ պատճառով նա փորձում է նախապես ձևավորել «քաղաքական ճնշման» և «հեղափոխական դիմադրության» օրակարգ, որպեսզի հետագայում դա օգտագործի որպես քաղաքական պաշտպանության մեխանիզմ։

Այս իմաստով նրա հայտարարությունը նաև ինքնապաշտպանական բնույթ ունի. նա փորձում է ցույց տալ, որ ցանկացած կոշտ քայլ իր նկատմամբ կարող է վերածվել քաղաքական ճգնաժամի։

Ռուսական և աշխարհաքաղաքական գործոնները․ երրորդ բաղադրիչն աշխարհաքաղաքականն է։ Քոչարյանի և ռուսամետ այլ ուժերի հռետորաբանությունն ակնհայտորեն համընկնում է Մոսկվայից եկող որոշ ուղերձների հետ։ Ռուսաստանը վերջին շրջանում ավելի բաց տեքստով է դժգոհություն հայտնում Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ, և այդ ֆոնին Հայաստանում ձևավորվում է «պլան Բ»-ի տրամաբանությունը։

Եթե «Գյումրիի մոդելով» կամ կոալիցիոն տարբերակով իշխանության գալը չի ստացվում, ապա հաջորդ տարբերակը դառնում է հետընտրական անկայունության ստեղծումը՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու միջոցով։

Այստեղ արդեն Քոչարյանի հայտարարությունները տեղավորվում են ավելի լայն սցենարի մեջ՝ ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու, հաղթող ուժի նկատմամբ անվստահություն ձևավորելու և փողոցային ճնշման միջոցով քաղաքական գործընթացներ թելադրելու փորձերի տրամաբանության մեջ։

— Այս հայտարարությունը նաև ուղղվա՞ծ է Սամվել Կարապետյանի թիմին և ընդդիմադիր մրցակիցներին։

— Այո՛, միանշանակ։ Քոչարյանը հասկացնում է, որ եթե հետընտրական զարգացումներ լինեն, պատրաստ է անձամբ առաջնորդել այդ գործընթացները։

Այս պահին ընդդիմադիր դաշտում հիմնական մրցակցությունը ոչ միայն իշխանության դեմ է, այլև ընդդիմության ներսում՝ «ով է թիվ մեկ դերակատարը» հարցի շուրջ։ Սամվել Կարապետյանի թիմը պարբերաբար հայտարարում է, որ «հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է», իսկ Քոչարյանն իր հերթին փորձում է ցույց տալ, որ իրական քաղաքական առաջնորդությունն իր ձեռքում է։

Այսինքն՝ այստեղ կա առաջնորդության պայքար ընդդիմադիր դաշտի ներսում։

— «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ շրջանառվող տեղեկությունները, Ռուսաստանից հնարավոր ֆինանսավորման թեմաները և հետընտրական հանրահավաքների նախապատրաստման մասին խոսակցությունները որքանո՞վ են տեղավորվում այս տրամաբանության մեջ։

— Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա կարելի է տեսնել մեկ միասնական սցենար. հիմնական շեշտադրումը դրված է ոչ այնքան ընտրություններում հաղթելու, որքան հետընտրական զարգացումների վրա։

Այս ուժերը հասկանում են, որ ընտրական ճանապարհով իշխանության գալու հնարավորությունները սահմանափակ են, և այդ պատճառով փորձում են նախապես ստեղծել ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր։

Դա կարող է արտահայտվել մի քանի ուղղությամբ. հայտարարություններով, թե ընտրությունները կեղծվել են, արտաքին աջակցությամբ լեգիտիմության հարց բարձրացնելով, փողոցային ճնշման փորձերով և հանրային վախերի ուժեղացմամբ։

Այդ ամբողջը միասին դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ խոսքը պարզապես առանձին հայտարարությունների մասին չէ, այլ ավելի լայն քաղաքական մարտավարության։

Լրագրող՝ Նարինե Ղուկասյան

Leave a Comment