ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի նախաստորագրված փաստաթղթերը – armeniatoday.am

Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և ստորագրել կարևորագույն հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր։

Հայաստանի և ԱՄՆ-ի ընդունած համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման համար ստեղծվելու է առանձին հանձնաժողով։

Կանոնադրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի՝ եվրաատլանտյան երկրների հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային կապերի խորացման ջանքերին։ Կողմերը Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը դիտարկում են որպես տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման կարևոր քայլ։

Փաստաթղթում նշվում է փոքր մոդուլային միջուկային ռեակտորի հնարավոր տեղակայման և ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների հասանելիության հեռանկարը։ Կողմերը նախատեսում են համագործակցել կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների, արհեստական բանականության և տիեզերական ծրագրերի ուղղությամբ։

ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանի պաշտպանական կարողությունների և ռազմաարդյունաբերական համագործակցության խորացմանն աջակցելու մտադրության մասին։ Կանոնադրությունն ամբողջությամբ՝ ԱԳՆ կայքում։ 

Հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրով Հայաստանը և ԱՄՆ-ն նախատեսում են խորացնել համագործակցությունը արդյունահանման, վերամշակման և ներդրումների ուղղությամբ, ինչպես նաև աջակցել տեխնոլոգիաների փոխանցման և ոլորտային կարողությունների զարգացմանը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment