Հայ-իրանական մշակութային կամուրջ՝ ֆլեյտահար Արտաշես Գրգորյանի երաժշտարվեստում․ «Երաժշտական եռանկյունի»

Հայ ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի ստեղծագործական ուղին հետաքրքիր օրինակ է մի արվեստագետի, որը կարողացել է միավորել տարբեր մշակույթներ, երաժշտական ավանդույթներ և աշխարհայացքներ՝ պահպանելով իր հայկական ինքնությունը։ Նրա երաժշտական կրթության հիմքերը դրվել են Մոսկվայի հանրահայտ կենտրոնական երաժշտական դպրոցում՝ ЦМШ-ում, որը վաղուց համարվում է աշխարհի լավագույն երաժշտական կրթօջախներից մեկը և առանձնանում է բացառիկ բարձր մասնագիտական չափանիշներով։

Դեռ պատանի տարիքում Արտաշես Գրիգորյանը հայտնվել էր այն միջավայրում, որտեղ ձևավորվում են միջազգային մակարդակի երաժիշտներ, և հենց այդ տարիներին էլ հստակեցվել է նրա մասնագիտական ճանապարհը։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մասնագիտանալով ֆլեյտայի դասարանում և առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելով բարոկկո երաժշտության հանդեպ։ Բարոկկոյի նուրբ ոճաբանությունը, ինտելեկտուալ խորությունը կարևոր ազդեցություն են ունեցել նրա երաժշտական մտածողության ձևավորման վրա։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո Արտաշես Գրիգորյանը հանդես է եկել որպես մենակատար և տարբեր նվագախմբերի երաժիշտ՝ աշխատելով ակադեմիական երաժշտարվեստի տարբեր ոլորտներում։ Սակայն նրա կենսագրության ամենանշանակալից փուլերից մեկը դարձավ վերադարձը Հայաստան և Արցախ։

Հայրենիքում նա աշխատեց Երևանի մի շարք սիմֆոնիկ նվագախմբերում՝ իր փորձն ու կրթությունը ծառայեցնելով հայկական երաժշտական կյանքին։ Այդ շրջանը կարևոր էր ոչ միայն մասնագիտական, այլև ներքին հոգևոր իմաստով, քանի որ հայրենի մշակութային միջավայրն ավելի խորացրեց նրա կապը ազգային ինքնության հետ։

Միևնույն ժամանակ Արտաշես Գրիգորյանը վաղուց հետաքրքրվում էր պարսկական մշակույթով։ Նա ինքնուրույն ուսումնասիրել է պարսկերենը, ծանոթացել Իրանի մշակույթին, գրականությանը և երաժշտական ավանդույթներին։ Այս հետաքրքրությունը ժամանակի ընթացքում վերածվեց նաև մասնագիտական համագործակցության։ Հերթական հյուրախաղերից մեկի ընթացքում նա ստացավ Իրանում աշխատելու հրավեր, և այդ առաջարկը դարձավ նրա ստեղծագործական կյանքի նոր կարևոր փուլը։ Պետք է նշել, որ Իրանի ակադեմիական երաժշտության պատմության մեջ հայ երաժիշտները միշտ ունեցել են առանձնահատուկ դեր, և հայ կատարողների նկատմամբ հարգանքն այդ երկրում չափազանց մեծ է։ Այդ ավանդույթի շարունակողներից մեկն էլ դարձավ Արտաշես Գրիգորյանը։

Վերջին տարիներին նա ակտիվորեն աշխատում և դասավանդում է Իրանում՝ հանդես գալով և՛ տարբեր երաժշտական կազմերով, և՛ որպես մենակատար։ Նրա գործունեությունը ներառում է ինչպես դասական և ակադեմիական երաժշտություն, այնպես էլ ժամանակակից երաժշտական նախագծեր։ Իրանում ակադեմիական արվեստի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա․ երկրում պարբերաբար կազմակերպվում են համերգներ, միջազգային փառատոներ և մշակութային նախաձեռնություններ, որոնց ակտիվ մասնակիցներից է նաև Արտաշես Գրիգորյանը։

Նրա ներկայությունն ու գործունեությունը կարևոր նշանակություն ունեն հայ-իրանական մշակութային կապերի զարգացման գործում։ Իր արվեստով, կատարողական բարձր կուլտուրայով և մասնագիտական հեղինակությամբ նա ստեղծում է յուրատեսակ մշակութային կամուրջներ՝ մնալով հայկական երաժշտական ավանդույթների կրողը և միաժամանակ ներգրավվելով իրանական մշակութային կյանքի մեջ։

Արտաշես Գրիգորյանի ուղին վկայում է, որ երաժշտությունը կարող է դառնալ ժողովուրդների միջև փոխըմբռնման, երկխոսության և մշակութային հարաբերությունների ամենազորեղ միջոցներից մեկը։

Leave a Comment