Հայաստանը սուբյեկտայի՞ն, թե՞ «ենթամանդատային» երկիր է

1in.am «Հայաստան» դաշինքի քարոզչական թիմը Ռոբերտ Քոչարյանի մասին կարճ տեսահոլովակ է տարածել և ուղեկցել նրա հետևյալ խոսքով․ «Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի»։ Մի նախադասություն, որ եթե համադրենք երկրորդ նախագահի մյուս «թևավոր» բնորոշմանը , որ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը «մի մարդու կամքից կախված խաղաղություն է, և այդ մարդը Իլհամ Ալիևն» է։,- կունենանք քաղաքական շատ ուշագրավ համատեքստ։


 


«Հայաստան» դաշինքի քարոզչահոլովակի ուղերձն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում հանդես է եկել որպես «հաղթած երկրի նախագահ», և եթե նա առաջիկա ընտրություններում հաղթի ու ստանձնի վարչապետի պաշտոնը, ապա Ալիևը «չի համարձակվի հարձակվել»։ Այս նարատիվը փաստացի չեզոքացնում է երկրորդ նախագահի թեզը, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը «պետք է երաշխավորներ ունենա»։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հայտարարության անհրաժեշտության» մասին, բայց առաջին հերթին կարևորել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների երաշխավորությունը։ Նա ասել է, որ Փաշինյանը «չպետք է գնար Վաշինգտոն, չպետք է ստորագրեր այդ թուղթը, բայց քանի որ այն կա», ինքը «չի ճղի, զրոյական կետից չի սկսի», բայց կհասնի պայմանագրին «կից երկու հավելվածի ընդունմանը»։


 


Ռոբերտ Քոչարյանի ասածը հենց «զրոյական կետից սկսելու» մասին է։ Եվ այստեղ «Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի» հավաստիացումը հասցեագրվում է ոչ թե նրա անձին, այլ՝ «երաշխավորների հեղինակությանը»։ Պարզ ասած, երկրորդ նախագահի արտաքին քաղաքական «դոկտրինը» մակաբերվում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացից, երբ Երևանը և Ստեփանակերտը ցանկացած «չարաճճիություն» կարող էին անել՝ վստահ լինելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները «ինչ էլ լինի, պատերազմ թույլ չեն տա»։


 


Կարևոր է նաև, որ երկրորդ նախագահը հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավոր է տեսնում նաև Չինաստանին, համարում, որ Ռուսաստան-ԱՄՆ-Չինաստան «երաշխավորությունը իդեալական կլիներ», բայց անտեսում է տարածաշրջանի երկու ազդեցիկ հարեւաններին՝ Թուրքիային և Իրանին։ Այն դեպքում, երբ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ՝ երկու պետություն» են, իսկ Իրանի համար «չափազանց զգայուն» է Հայաստանի հարավում հաղորդուղիների հարցը։


 


Անկասկած, ճիշտ չէր լինի ասել, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Ադրբեջան և հայ-թուրքական կարգավորման գործընթացի բարդությունները, Ռուսաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Իրան, Միացյալ Նահանգներ-Թուրքիան, Չինաստան-Ռուսաստան, Եվրամիության-ԱՄՆ, Մեծ Բրիտանիա-Եվրամիություն հարաբերությունների բարդությունը չի դիտարկում։ Եվ հենց զգաստացնողը դա է, թե նա ինչո՞ւ է խնդիրը ներկայացնում այդքան պարզունակ․ «Եթե ես վարչապետ լինեմ, Ալիևը Հայաստանի վրա չի հարձակվի»։


 


Դա ինքնավստահություն չէ, բայց ի՞նչ հաշվարկ է։ Երկրորդ նախագահը համոզված է, որ Պուտինը և Թրամփը «աշխարհը վերաբաժանել են, և Հայաստանը Ռուսաստանի բաժնո՞ւմ» է, թե ընտրություններում իր հաղթանակով է «պայմանավորում այդ վերաբաժանումը»։ Հայաստանի քաղաքացին այդ հարցի պատասխանը չունի։ Իսկ ընտրությունը մեկն է՝ Հայաստանը սուբյեկտայի՞ն, թե՞ «ենթամանդատային» երկիր է։


 


 


Leave a Comment