«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի 104 թեկնածուներն ընդհանուր ավելի քան 17 մլրդ դրամին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել, դրանից 15․2 մլրդ դրամը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է։ Թեկնածուների 40%-ը գործազուրկ է, 29-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, 18 թեկնածու նշել է, որ դրամական միջոց չունի, 3-ն էլ դատարկ հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Հետքն» ուսումնասիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 104 թեկնածուների հայտարարագրերը։
ԲՀԿ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։ Նա առաջադրված 19 ուժերի առաջին համարների շարքում ամենաշատ դրամական միջոցներն ու եկամուտն է հայտարարագրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով 11 էջանոց հայտարարագիր։
ԱԺ նախկին պատգամավորը 43 միավոր շարժական ու անշարժ գույք ունի։ Նա հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 13 հողամաս՝ ընդհանուր 61.388 քմ մակերեսով, անհատական բնակելի տուն՝ 5234 քմ մակերեսով, 7 շենք–շինություն` ընդհանուր 8189 քմ մակերեսով և հողին ամրակցված 2 այլ գույք՝ 8169 և 329.8 քմ մակերեսներով և Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 131.4 քմ մակերեսով բնակարան։
Ծառուկյանը տարբեր մակնիշի 19 ավտոմեքենա ունի՝ 2004-2023 թվականների արտադրության։
Գործարարը 45 միավոր թանկարժեք գույք է հայտարարագրել՝ ադամանդե ու ոսկյա մատանիներ, ջահեր, վարագույրներ, կահույք և այլն։ Ընդհանուր առմամբ, Ծառուկյանն ունի 6 մլն 466 հազար եվրո և 7 մլն 313 հազար դոլար արժեքով թանկարժեք գույք։
Հաշվետու ժամանակահատվածում ԲՀԿ առաջնորդը որդուց՝ Նվեր Ծառուկյանից, ստացել է 1 մլրդ 367 մլն դրամի նվիրատվություն, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից՝ 4 մլրդ 180 մլն դրամ շահաբաժին և 950 մլն փոխառություն, «Օլիմպավան» ՍՊԸ-ից՝ 174 մլն դրամ փոխառություն, «Մուլտի ուելնես կենտրոն» ՍՊԸ-ից՝ 292 մլն դրամ շահաբաժին և 61.7 մլն դրամ փոխառություն, «Ֆիրմա նյու» ՍՊԸ-ից՝ 865 մլն դրամ փոխառություն, բաժնեմասերի օտարումից՝ 1.8 մլն եվրո, «Գլոբալ մոթորս» ՍՊԸ-ից՝ 5.4 մլն դրամ վարձավճար, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ից՝ 1 մլրդ 520 մլն դրամ շահաբաժին, «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ից՝ 2.7 մլն դրամ վարձավճար, «Մուլտի սիս» ՍՊԸ-ից՝ 3.5 մլն դրամ շահաբաժին, «Ֆայն քարս» ՍՊԸ-ից՝ 15.2 մլն դրամ շահաբաժին և «Կոնվերս բանկ»-ից՝ 25.000 դրամ բանկային տոկոս։
Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները կազմել են 3 մլրդ 450 մլն դրամ, 26.7 մլն դոլար, 5.4 մլն եվրո և 2.3 մլն ռուբլի։
ԲՀԿ ղեկավարը 56 ընկերությունում 20-ից մինչև 100% մասնաբաժին ունի։

Ցուցակում երկրորդը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։ Նա Երևանի կենտրոնում գտնվող 143․6 քմ մակերեսով բնակարան և 21 քմ մակերեսով ավտոտնակ է հայտարարագրել, 525 քմ մակերեսով մեկ հողամաս էլ ունի Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում։
Թևանյանը հայտարարագրել է նաև 2018 թվականի արտադրության Honda CR-V ավտոմեքենա։
2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը թեկնածուն, ըստ հայտարարագրի, 4․9 մլն դրամ եկամուտ է ստացել «Թևանյան» ՍՊԸ-ից՝ որպես վերադարձված փոխառություն։ Հիմնադրումից՝ 2008 թվականից մինչև 2021-ի հուլիս Անդրանիկ Թևանյանն այս ընկերության 100% սեփականատերն ու տնօրենն էր, այժմ ընկերությունը ղեկավարում է կինը՝ Էլմիրա Թևանյանը։ «Թևանյան» ՍՊԸ-ին է պատկանում 7or.am լրատվական կայքը։
Հայտարարագիր ներկայացնելու պահին Անդրանիկ Թևանյանն ունեցել է 98.3 մլն դրամին համարժեք գումար՝ 12․3 մլն դրամ, 110 հազար դոլար և 107 հազար եվրո։
Նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համարն է։ Նա Երևանում գտնվող համատեղ սեփականության իրավունքով երկու բնակարան է հայտարարագրել՝ 98 և 80 քմ մակերեսներով։ Սարգսյանը շուրջ 2 մլն դրամ եկամուտ է ստացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, որտեղ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նա հայտարարագրման պահին, ըստ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի, 2 մլն դրամ է ունեցել։
Հաջորդը ցուցակում Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (2020-2021) Արա Այվազյանն է: Նա 84․3 քմ մակերեսով բնակարան ունի Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով։ ԲՀԿ-ի 4-րդ համարը 2025 թվականի արտադրության BYD Yuan Up մեքենա է հայտարարագրել և հաշվետու ժամանակահատվածում ստացած 569 հազար դրամ աշխատավարձ Երևանի պետական համալսարանից։ Ըստ հայտարարագրի՝ նախկին պաշտոնյան ունի 1 մլն դրամ, 20 հազար դոլար և 1501 եվրո։
Կուսակցության ցուցակի 5-րդ համարը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դասախոս Արմեն Մանուկյանն է։ Նա Գեղարքունիքի մարզում գտնվող 113 քմ մակերեսով մեկ տուն է հայտարարագրել՝ համատեղ սեփականության իրավունքով, և 96․9 քմ մակերեսով բնակարան Երևանում։ Որպես անշարժ գույք Մանուկյանը հայտարարագրել է 10 հազար քմ մակերեսով բազմամյա տնկի, որը նույնպես Գեղարքունիքի մարզում է գտնվում։ Ըստ հայտարարագրի՝ թեկնածուն ունի 3 ավտոմեքենա՝ 2020 թվականի արտադրության Lexus NX, 2019 թվականի արտադրության Toyota Camry և 2017 թվականի արտադրության Mazda 6։ Հաշվետու ժամանակահատվածում Արմեն Մանուկյանը 3 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 1․2 մլն դրամ՝ ՀՊՏՀ-ից, նույնքան՝ «Անուշ Քնար» ՍՊԸ-ից։ 12․8 մլն դրամ էլ Մանուկյանը ստացել է գյուղատնտեսական գործունեությունից։ Հայտարարագիր լրացնելու պահին նա ունեցել է 52․5 մլն դրամ, 50 հազար դոլար և 49 հազար եվրո։
Պատմության ուսուցչուհի, Աբովյանի թիվ մեկ դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը ԲՀԿ-ի ցուցակում 6-րդն է։ Նա համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան է հայտարարագրել, որն Աբովյան քաղաքում է գտնվում։ Բաբայանը մեկ տարում 4․2 մլն դրամ աշխատավարձ է ստացել ԿԳՄՍ նախարարությունից, իսկ հայտարարագրման պահին ունեցել է 2․4 մլն դրամ և 5 հազար դոլար։
Հաջորդը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանն է։ Նա Երևանում գտնվող երկու բնակարան (նույն շենքում, յուրաքանչյուրը՝ 53 քմ մակերեսով) և մեկ ավտոկայանատեղի է հայտարարագրել։ Գրիգորյանը 534 քմ մակերեսով բնակելի տուն ու երկու հողամաս (655 քմ և 1038 քմ մակերեսով) ունի Գյումրիում։ Պատգամավորը շուրջ 12 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից, հայտարարագրել է 196․4 մլն դրամ և 20 հազար դոլար։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրիկ Սուրենյանցը, որը ԲՀԿ-ի 8-րդ համարն է, միայն 2 մլն դրամ գումար է հայտարարագրել։
9-րդը ցուցակում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն է։ Նա Երևանում գտնվող 4 բնակարան է հայտարարագրել՝ մեկը միանձնյա, երեքը՝ համատեղ սեփականության իրավունքով։ Վարդանյանը երկու մեքենա է հայտարարագրել՝ 2024 թվականի արտադրության MERCEDES-BENZ EQA և 2013 թվականի արտադրության HONDA CR-V՝ համատեղ սեփականության իրավունքով։ Պատգամավորը 13․5 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ազգային ժողովից, 138․5 հազար դրամ՝ Հյուսիսային համալսարանից։ 2․1 մլն դրամ թեկնածուն ստացել է որպես եկամտահարկի վերադարձ, 4․5 մլն դրամ՝ վարկ։ Հայտարարագիր լրացնելու պահին, ըստ փաստաթղթի, ունեցել է 21 հազար դոլար և 725 հազար դրամ։
Առաջին տասնյակը եզրափակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։ Նա 109․3 քմ մակերեսով բնակարան և ավտոկայանատեղի ունի Երևանում և 121.8 քմ մակերեսով այգետնակ Ձորաղբյուրում (համատեղ)։ Հովհաննիսյանը 509 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Առաջարկ Հայաստանին» հասարակական կազմակերպությունից, ևս 1207 դոլար՝ բանկային ավանդից։ Թեկնածուն հայտարարագրել է 48 մլն դրամին համարժեք դրամական միջոցներ, այդ թվում՝ 12 մլն դրամ, 58 հազար դոլար և 3 մլն ռուբլի։
Ծառուկյանից հետո ամենաշատ եկամուտները, գույքը, դրամական միջոցները․ ով ինչպես է առանձնանում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված 104 թեկնածուներից 74-ը ԲՀԿ անդամներ են, 19-ը՝ անկուսակցական, 9-ը՝ «Մայր Հայաստան» կուսակցության, իսկ 2-ը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անդամներ։
Ցուցակում 36 կին և 68 տղամարդ կա։

Թեկնածուների միջին տարիքը 45-ն է։

104 թեկնածուներից 42-ը, ըստ ԿԸՀ-ում ներկայացված տվյալների, չի աշխատում։ Ստացվում է՝ 40%-ը գործազուրկ է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամենաշատ եկամուտները, դրամական միջոցներն ու գույքն է հայտարարագրել: Կուսակցության պատգամավորի 104 թեկնածուներն ընդհանուր 11 մլրդ 574 մլն դրամ եկամուտ են հայտարարագրել 1 տարվա համար, դրանից 11 մլրդ 224 մլն դրամը ստացել է Գագիկ Ծառուկյանը։ 2025 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի ապրիլի 1-ը կուսակցության ցուցակում ԲՀԿ առաջնորդից հետո ամենաշատ եկամուտը, ըստ հայտարարագրի, ունեցել է «Մուլտի Ուելնես» ՍՊԸ տնօրեն Արման Փիրոյանը։ Նա 32․8 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Մուլտի Ուելնես»-ից և 13 մլն դրամ՝ «Արման Փիրոյան» ԱՁ-ից։ Չնայած 45․8 մլն դրամ եկամտին՝ Փիրոյանն ընդամենը 500 հազար դրամ է հայտարարագրել։ Նա ցուցակում 17-րդն է։
Եկամտի չափով երրորդ տեղում 97-րդ համար Կոլյա Հախումյանն է։ Նա 24 մլն դրամ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։

ԲՀԿ ցուցակում, ըստ հայտարարագրի, 4 թեկնածու 100 մլն դրամից ավել գումար ունի։ Հայտարարագրված դրամական միջոցների չափով Գագիկ Ծառուկյանին հաջորդում է «Սայթ Մեդիա» ՍՊԸ փոխտնօրեն Երվանդ Բոզոյանը։ Նա հայտարարագրել է 91․2 մլն դրամ, 350 հազար դոլար և 75 հազար եվրո։ Բոզոյանը ցուցակում 22-րդն է։
203․7 մլն դրամին համարժեք դրամական միջոցներով երրորդը պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։
112․5 մլն դրամին համարժեք գումար էլ հայտարարագրել է ցուցակի 41-րդ համար Սարգիս Սարգսյանը։ Նա ունի 85 մլն դրամ և 75 հազար դոլար։ Ըստ հայտարարագրի՝ նա հիմա չի աշխատում։

Սարգիս Սարգսյանը նաև ամենաշատ շարժական ու անշարժ գույքն է հայտարարագրել Ծառուկյանից հետո՝ 19 միավոր։ Նա միանձնյա սեփականության իրավունքով 13 հողամաս ունի Կոտայքի մարզում, Երևանում կառուցվող 2 բնակարանի (132.3 և 83.4 քմ մակերեսով) և 1 ավտոկայանատեղիի գնման իրավունք, 1998 և 2000 թթ․ արտադրության երկու Opel Astra և 2019 թվականի արտադրության EFUN PUSA մոտոցիկլ։
Երվանդ Բոզոյանն էլ հայտարարագրած 13 գույքով 3-րդն է։ Նա Երևանում գտնվող միանձնյա սեփականության իրավունքով երկու բնակարան և երկու ավտոտնակ է հայտարարագրել, մեկ բնակարան էլ ունի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Թեկնածուն հայտարարագրում նշել է նաև միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 5 հողամասի մասին, բոլորը՝ Արմավիրի մարզում։ Բոզոյանը 3 ավտոմեքենա ունի՝ 2015 թվականի արտադրության Hyundai Elantra, 2004 թվականի Volkswagen Jetta և 1999 թվականի Mercedes-Benz E200:
«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերից հետաքրքիր մանրամասներ։
Տե՛ս նաև․
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter