Միջերկրականի ափին՝ հայերեն եթերով․ Կիպրոսի հայկական ռադիոժամի 70-ամյա պատմությունը․ «Սփյուռքի ձայնը»

Կիպրոսի հայկական համայնքի կյանքը, մշակույթն ու արդի հիմնախնդիրներն արդեն յոթ տասնամյակ է, ինչ ունեն իրենց անփոխարինելի հարթակը՝ «Հայկական ռադիոժամը»։ 1953 թվականից գործող այս հաղորդումը ոչ միայն տեղեկատվական աղբյուր է, այլև հայապահպանության կարևորագույն գործիք։ «Կիպրոսի հայկական ռադիոժամն առաջին սփյուռքահայ հանրային մակարդակի ռադիոժամն է»,— նշում է ռադիոյի երկարամյա աշխատակից Նաիրի Մուրադյանը։

Կիպրոսի «Հայկական ռադիոժամն» ապացուցում է, որ հեռավորությունները խոչընդոտ չեն, երբ նպատակը հայեցի դաստիարակությունը և մայրենի լեզվի կենդանի շունչը պահպանելն է։

Ռադիո՝ սերունդների կապն ապահովելու համար

Ռադիոյի աշխատանքային օրակարգը հագեցած է. երկուշաբթի օրերը նվիրված են հայ կնոջ դերին, երեքշաբթին՝ հարցազրույցներին, չորեքշաբթին՝ լրատվությանը, իսկ ուրբաթ օրերը՝ գրականությանը։ Թեև ժամանակակից աշխարհում երիտասարդությունը հաճախ հեռու է մնում ավանդական ռադիոյից, Նաիրին ընդգծում է, որ իրենք հաջողել են ներգրավել դպրոցականներին։ «Արդեն մի քանի ամիս է, որ հայկական «Նարեկ» վարժարաններու աշակերտներն ամսական թվությամբ կներկայանան ռադիոկայան՝ իրենց հայերեն լեզվի ուսուցիչներու ընկերակցությամբ, և հայկական կամ միջազգային տոներու առիթով ծրագիր կներկայացնեն»,— պատմում է Նաիրին։

Մելքոնյան վարժարանից ավանդված ժառանգությունը

Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաև հայկական կրթօջախների ճակատագրին, մասնավորապես՝ Մելքոնյան վարժարանին։ Նաիրին բացատրեց, որ թեև դպրոցը փակվեց, սակայն շենքային համալիրը պահպանվեց պետության կողմից՝ որպես պատմամշակութային ժառանգություն. «Մեր հայրենակիցները հոն ապաստան գտած են՝ Ցեղասպանութենեն մազապուրծ եղած երեխաներ, և շենքերուն դիմաց գոյություն ունի պուրակ, շատ գեղեցիկ պուրակ մը, ուր ծառեր տնկված են նույնինքն այդ երեխաներու կողմից»։

Արևմտահայերենի պահպանումը և համագործակցությունը Հանրային ռադիոյի հետ

Կիպրոսի հայկական ռադիոյի համար առանցքային նշանակություն ունի արևմտահայերենի պահպանումը։ Նաիրին մեծ հույսեր է կապում Հայաստանի հանրային ռադիոյի հետ համագործակցության ընդլայնման հետ. «Մենք պիտի կարողանանք շատ ավելի սերտ համագործակցիլ Հանրային ռադիոյին հետ։ Եվ ես, անձամբ և Կիպրոսի հայկական ռադիոժամի անձնակազմին անունով, իմ և մեր ջերմ բարեմաղթությունները կհղեմ բոլորիդ, և կասեմ, որ ձեր վստահակը մեծ է, որովհետև ոչ միայն հաղորդումներ կպատրաստեք, այլ որակավոր հաղորդումներ կպատրաստեք»,- եզրափակում է Նաիրի Մուրադյանը։

Leave a Comment