ԱՄՆ-ն նոր օդային հարվածներ է հասցրել Իրանին՝ պնդելով, որ գործողություններն իրականացվել են «ինքնապաշտպանության» նպատակով, գրել է Independent կայքը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն այսօր ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի հարավին՝ սեփական զորքերն իրանական ուժերի կողմից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար։ Ըստ Հոքինսի՝ թիրախների թվում էին հրթիռների արձակման կայաններ և իրանական նավակներ, որոնք փորձել են ականապատման գործողություններ իրականացնել։
Այս հարվածները հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social հարթակում արված հայտարարությանը, որում նա խոստացել էր, որ Իրանում թաքցված ցանկացած հարստացված ուրան «կա՛մ անհապաղ կփոխանցվի Միացյալ Նահանգներին՝ տեղափոխման և ոչնչացման համար», կա՛մ կոչնչացվի հենց Իրանում, կա՛մ էլ «մեկ այլ ընդունելի վայրում»։
Թրամփը նաև պահանջել է, որպեսզի Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Հորդանանը և Թուրքիան խաղաղության պայմանագրեր ստորագրեն Իսրայելի հետ՝ Իրանի դեմ պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր Իրանի հետ համաձայնագրի նախագծի շուրջ առաջընթացի մասին և հավելել, որ կընդունի միայն «բոլորի համար ձեռնտու մեծ համաձայնագիր, հակառակ դեպքում՝ ոչ մի համաձայնություն չի լինի»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իր հերթին, նշել էր, որ Վաշինգտոնը կա՛մ լավ համաձայնագիր կկնքի Իրանի հետ, կա՛մ այդ երկրի հարցերը կլուծի «այլ ճանապարհով»։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը քննարկելու։ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։
