Թալինի քաղաքապետը վիճել է Արցախից տեղահանված կնոջ հետ – armeniatoday.am

Թալին համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ վիճել է Արցախից տեղահանված Արևիկ Գրիգորյանի հետ և հայտարարել, որ «նման պահվածքով նրանք երկար չեն ապրի Հայաստանում»։

Միջադեպի տեսագրությունը Գրիգորյանը տարածել է սոցիալական ցանցերում։

Կադրերում ֆիքսված է, թե ինչպես է Սափեյանը Ներքին Սասնաշեն գյուղի բնակելի շենքի բակում 2023 թվականին ինը երեխաների հետ տեղափոխված կնոջից պահանջում «հիշել, թե ով է իրեն կացարան տրամադրել և օգնել իր երեխաներին»։

Գրիգորյանն, ի պատասխան, հայտնել է, որ երախտապարտ է բոլոր օգնողներին, սակայն քաղաքականությունն իրեն չի հետաքրքրում։ Սափեյանն առարկել է, թե այն տունը, որտեղ նա բնակվում է, տրամադրել է պետությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Թալինի քաղաքապետը նշել է, որ նման պահվածքով նրանք երկար չեն ապրի Հայաստանում, և հավելել, որ դիմելու դեպքում իրենք Ռուսաստանի տոմս կտան։

Վեճի ընթացքում Գրիգորյանը նշել է, որ չի բացառում՝ նման հայտարարությունները կարող են պայմանավորված լինել այն մտավախությամբ, թե իշխանությունները «պատրաստ են զիջելու նաև այս տարածքը»։ Նա նաև հիշեցրել է, որ արցախցիները հայրենիքը լքել են հարկադրաբար՝ մինչև վերջ պայքարելուց հետո։

Ուշ երեկոյան Գրիգորյանը մեկնաբանել է միջադեպը՝ պաշտոնյայի խոսքերը գնահատելով որպես սպառնալիք։ Նա ընդգծել է, որ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի։ Գրիգորյանի խոսքով՝ պատերազմից հետո հայրենիքում ստացած աջակցությունը չի նշանակում, թե իրենք «կաշառված» են կամ պարտավորություններ ունեն որևէ մեկի հանդեպ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր մարդկանց չեն բաժանում հայաստանցիների և արցախցիների, այլ կիսում են միմյանց ցավը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ իշխանության և քաղաքացիների՝ այդ թվում արցախցիների միջև ավելի վաղ նույնպես վեճեր էին ծավալվել։

Կարդացեք նաև՝ 

«Փախածներ» և «մասկեքդ հանելու եմ՝ մտցնեմ…». Փաշինյանը թևից քաշել է քաղաքացուն

Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալվել է Արթուր Օսիպյանը

«Մատ թափ տալով չխոսեք», «փախածներով չասեք՝ Ղարաբաղ եմ տվել»․ վեճ մետրոյում՝ Փաշինյանի և քաղաքացու միջև

Leave a Comment