ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են աջակցություն գտնել «սպառնալիքի անմիջական աղբյուրից»։ Այդ մասին նա նշել է ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
«Խնդիրները շատ են, և դրանք համատեղ լուծելն ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում՝ պաշտպանություն փնտրելով սպառնալիքի անմիջական աղբյուրից»,- ընդգծել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը սեփական ընտրությունն է։
«Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- հավելել է նա։
Շոյգուն չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսում՝ հիշատակելով «սպառնալիքի աղբյուրը»։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ ԵՄ-ի հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակի հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Կարդացեք նաև՝
Լավրովի ու Մեդվեդևի նախազգուշացնող հայտարարությունները՝ հասցեագրված Երևանին
