Հայաստանում պաշտոնապես գործարկվել է ջերմոցային գազերի արտանետումների նոր ռեգիստրը և չափման, հաշվետվությունների ներկայացման ու հավաստագրման (MRV) հարթակը, հայտնել է EU Neighbours East-ը։
Նախաձեռնությունը Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։ Նոր թվային հարթակի նպատակն է բարելավել արտանետումների վերահսկումն ու տվյալների հավաքագրումը՝ հնարավորություն տալով Հայաստանին ավելի արդյունավետ կատարել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
Հարթակը մշակվել է «ԵՄ-ն հանուն կլիմայական դիմակայունության» (ProGress) ծրագրի շրջանակում։ Համակարգը կօգնի Հայաստանին հետևել արտանետումների տվյալներին և կդառնա մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 44%-ով նվազեցնելու նպատակի իրականացման հիմնական գործիքներից մեկը։
Գործարկումից հետո նախարարությունը կլոր սեղան-քննարկում է անցկացրել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնակցությամբ։ Քննարկվել են կլիմայական նպատակներին հասնելու համար երկրի տեխնիկական և ֆինանսական առաջնահերթ կարիքները։ ԵՄ պատվիրակության գնահատմամբ՝ տվյալների վավերացված բազայի ստեղծումը Հայաստանին թույլ կտա անցնել հայտարարություններից դեպի չափելի և հաշվետու գործողություններ։
«ԵՄ-ն հանուն կլիմայական դիմակայունության» ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը համաֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի կողմից, իսկ իրականացվում է GIZ-ի և OECD-ի մասնակցությամբ։
