Տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի բարձր մակարդակներից հնչում են կոչեր, թե Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցում շտապի որոշում կայացնել։ ՌԴ պաշտոնյաները՝ Լավրովը, Մեդվեդևը, Վոլոդինը, Օվերչուկը, Գալուզինը, բարձրաձայնում են մի հարց, որը ոչ ՀՀ օրակարգում է, ոչ էլ նույնիսկ ընտրարշավի բանավեճի սեղանին։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։
-Նկատում ենք, որ Ռուսաստանից մի քանի օր է՝ հնչում են հարցեր՝ կապված ԵՄ-ԵԱՏՄ-ի հետ՝ նշելով, որ արդեն ժամանակն է կողմնորոշվել։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Սա պայմանավորված է, իհարկե, Հայաստանում նախընտրական գործընթացով և այդ գործընթացում ակնհայտորեն առկա բավականին բարձր աշխարհաքաղաքական խաղադրույքներով: Ռուսաստանն այդ տեսանկյունից, իհարկե, փորձում է իր հերթին բարձրացնել շահերի և հետաքրքրությունների գինը։
-Կա՞ արդյոք այդպիսի հարց, եթե մեր կառավարությունն ասում է՝ այժմ ընտրության հարց օրակարգում չկա։
-Այդպիսի հարց օրակարգում չկա, հայտարարում են, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ նույն կառավարությունը խոսում է ԵՄ ուղղությամբ հարաբերությունները խորացնելու և ընդհուպ անդամակցության հեռանկարի մասին ու պարբերաբար մատնացույց անում այդ հայտնի օրենքը։ Նաև տեսնում ենք, որ ԵՄ-ն անմիջական ներգրավվածություն ունի Հայաստանում ընտրական գործընթացներին և նույնիսկ ուղիղ ներգրավվածության մեխանիզմ ունի՝ այդ արագ արձագանքման խմբի տեղակայումը Հայաստանում։ Այսինքն՝ թեպետ հայտարարություններ են արվում, որ Հայաստանը ներկայումս ընտրության իրավիճակի առաջ չէ, այդուհանդերձ, Հայաստանը միևնույն ժամանակ այդ թեման բավականին ակտիվ խաղարկում է նախընտրական գործընթացում։ Եվ այստեղ, կրկնեմ, Ռուսաստանն էլ, իր հերթին տեսնելով այս անմիջական խաղն ու ուղիղ ներգրավվածությունը, փորձում է իր աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների գինը բարձրացնել։
-Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանը կարող է «ցավոտ վայրէջք կատարել երկու աթոռների միջև»։ Որքանո՞վ է իրատեսական, որ Երևանը միաժամանակ պահպանի հարաբերությունները և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ։
-Ընդհանուր առմամբ, դա լայն հասկացություն է՝ հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ։ Լավ հարաբերություններ պահպանելը միանգամայն իրատեսական է. հարցն այն է, թե մենք ի՞նչ ենք հասկանում հարաբերություն ասելով։ Եթե հասկանում ենք միաժամանակյա անդամակցություն թե՛ Եվրամիությանը, թե՛ ԵԱՏՄ-ին, ապա, բնականաբար, դա հնարավոր չէ։ Այս մասին առաջինը Հայաստանին ասել է հենց Եվրամիությունը՝ 2013 թվականին, երբ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացն էր, և Երևանը հայտնում էր թե՛ այդ պայմանագիրը ստորագրելու, թե՛ Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամություն, բայց ԵՄ-ն նշում էր, որ «դա համատեղելի չէ, հնարավոր չէ»։ Այս տեսանկյունից հիմա մենք պարզապես Ռուսաստանից լսում ենք այն, ինչը 2013-ին ասում էր ԵՄ-ն։ Իսկ բուն հարաբերությունների իմաստով, անկասկած, կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է։ Վերջին հաշվով, Հայաստանի պետական քաղաքականության հանձնառություն ստանձնող ցանկացած ուժի պարտականությունն է ապահովել այդ լավ հարաբերությունները բոլոր խոշոր խաղացողների հետ։
-Նա նաև հայտարարել է, որ «Հայաստանը ստիպված կլինի ռուսական գազը գնել եվրոպական գներով»։ Սա սպառնալիք կարո՞ղ ենք դիտարկել։
-Ինչպես նշեցի, Ռուսաստանն այս ամենի մասին հիշեցնելով՝ փորձում է արձանագրել իր շահերը պաշտպանելու մտադրությունը։ Բայց եթե այս իրավիճակը քննարկենք նաև տրամաբանության շրջանակում՝ մի կողմ դնելով քաղաքական շահերի և հարաբերությունների խնդիրը, ապա պարզ է, որ եթե Երևանը դուրս է գալիս Եվրասիական տնտեսական միության համակարգից, Ռուսաստանն այլևս չունի մոտիվացիա Երևանին արտոնյալ գներով գազ վաճառելու։ Ու հետևաբար, Երևանն այդ դեպքում կամ պետք է փնտրի այլ՝ ավելի էժան գազ, կամ պետք է արդեն Ռուսաստանի հետ պայմանավորվի գնի վերաբերյալ նոր տրամաբանությամբ, որն արդեն չի պարունակի այդ արտոնյալ պայմանները։ Սա շատ տրամաբանական իրավիճակ է, և հասկանալի է, որ Ռուսաստանն այս մեխանիզմներով փորձում է պաշտպանել իր շահերը։ Ինքնին շատ հասկանալի է նաև հետևյալը՝ եթե դու մի միության մեջ ես, այլ պայմաններով ես հարաբերվում այդ միության ռեսուրսների հետ, իսկ եթե դրանից դուրս ես՝ այլ պայմաններով։
Լիլիթ Աբրահամյան
