ԱՄՆ-Իրան կհամաձայնե՞ն․«Նոյյան Տապան»ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
– Շաբաթ օրվանից միջազգային լրատվադաշտում ակտիվ քննարկվում է Միացյալ Նահանգներ–Իրան հնարավոր համաձայնությունը։ Ի՞նչ տեղեկություններ կան դրա վերաբերյալ։
– Այո՛, վերջին օրերին միջազգային մամուլը լայնորեն անդրադառնում է այդ թեմային։ Աստիճանաբար պարզ է դառնում, որ խոսքը 60-օրյա ժամկետով նախատեսված փոխըմբռնման հուշագրի մասին է, որը կարող է հիմք դառնալ հետագա բանակցությունների համար։
– Որո՞նք են այդ համաձայնության հիմնական կետերը։
– Համաձայնեցված դրույթները վերաբերում են Հորմուզի միջանցքի բացմանը, արտաքին ճակատներում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրանական էներգակիրների արտահանմանը, Իրանի ծովային շրջափակման վերացմանը, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների մեղմացմանն ու վերացմանը, ինչպես նաև ուրանի հարստացման դադարեցմանն ու հարստացված ուրանի պաշարների Իրանից դուրս տեղափոխմանը։
– Ի՞նչ նշանակություն ունի 60-օրյա ժամկետը։
– Այդ ժամկետը ենթադրում է, որ որոշ կետեր անմիջապես կկիրառվեն, իսկ մյուսների շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Այսինքն՝ կողմերը 60 օրվա ընթացքում պետք է սկզբունքային համաձայնության հասնեն մնացած հարցերի վերաբերյալ։
– Ո՞ր քայլերն են համարվում անմիջապես կիրառելի։
– Խոսքը նախ և առաջ Հորմուզի միջանցքի բացման, Իրանի ծովային շրջափակման վերացման, արտաքին ճակատներում ռազմական գործողությունների դադարեցման, Իրանի նավթի արտահանման վերականգնման և որոշ պատժամիջոցների վերացման մասին է։
– Իսկ ի՞նչ հարցեր կմնան հետագա բանակցությունների օրակարգում։
– Ամենաբարդ հարցերից են միջուկային թղթածրարը, իրանական սառեցված միջոցների ապասառեցումը և պատժամիջոցների ամբողջական վերացման գործընթացը։
– Դուք նշեցիք արտաքին ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը։ Սա ինչպե՞ս է առնչվում Լիբանանին։
– Այդ հանգույցը ուղղակիորեն առնչվում է Լիբանանին։ Իսրայելը մտահոգ է հնարավոր համաձայնությամբ և փորձում է ներառել դրույթ, ըստ որի՝ եթե Հեզբոլլահը փորձի վերազինվել, Իսրայելը իրավունք կունենա վերսկսելու ռազմական գործողությունները։
– Եթե փոխըմբռնման հուշագիրը ստորագրվի, ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել։
– Այդ դեպքում կողմերը կանցնեն ավելի լայն բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով։ Այդ փուլում արդեն հնարավոր կլինի ամբողջական գնահատական տալ պատերազմի արդյունքներին և քաղաքական հաշվեկշռին։
– Իսկ Իրանն այս գործընթացում ի՞նչ դիրքորոշմամբ է ներկայանում։
– Իրանը ներկայանում է գործող վարչակարգի ներկայացուցիչներով։ Այն ձգտում է վերականգնել նավթի արտահանումը և ապահովել պատժամիջոցների վերացման գործընթացը։ Միաժամանակ, լիբանանյան ուղղությամբ այժմ ավելի շատ խոսվում է վերազինումը բացառելու, և ոչ թե զինաթափման մասին։
– Կարելի՞ է արդեն վերջնական գնահատական տալ իրավիճակին։
– Ո՛չ ամբողջությամբ։ Իրավիճակի ամբողջական և առարկայական գնահատական հնարավոր կլինի անել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն արդեն հիմա, փոխըմբռնման հուշագրի ստորագրման դեպքում, այդ հիմնական պայմանավորվածությունները քաղաքականորեն կարձանագրվեն։