Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ երկրում գնաճի ներկայիս մակարդակը կազմում է 5,3%, ինչն ավելին է, քան Կենտրոնական բանկի նախատեսած ցուցանիշը:
ԿԲ նախագահը միևնույն ժամանակ չի բացառել, որ գնաճի առուոմվ կարող ենք, իր խոսքով, «ցավալի շոկեր» ունենալ։ Մյուս կողմից՝ հավաստիացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում հաջողվում է վերահսկել գնաճը, իսկ հասարակությունը, հակառակ արտաքին ցնցումներին, վստահում է Կենտրոնական բանկի քաղաքականությանը։
Նա նշել է, որ ԿԲ խորհրդի անդամների շրջանում կան տարբեր կարծիքներ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, ներառյալ տոկոսադրույքի բարձրացում սկսելու առաջարկները։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, հիմնական բարդությունը գնաճի պատճառների գնահատման մեջ է՝ պահանջարկի և առաջարկի գործոններում։
«Գնաճի կառուցվածքում այս պահին առավելապես գերակշռում են առաջարկի գործոնները»,- նշել է Գալստյանը:
Նա հավելել է, որ միևնույն ժամանակ կարգավորող մարմինը հաշվի է առնում արտաքին ռիսկերի լայն շրջանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, իրավիճակը ռուսական տնտեսությունում, Մերձավոր Արևելքի պատերազմը, էներգակիրների գների աճը, հնարավոր գլոբալ ռեցեսիան և Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը։
«Եթե գնաճը պայմանավորող գործոնը առաջարկն է, բնականաբար, մենք պիտի ավելի զգոն ու համբերատար լինենք, եթե պահանջարկն է, մենք պետք է որոշակիորեն միջամտենք։ Այս պահի դրությամբ հիմնականում առաջարկ է, բայց, այնուամենայնիվ, շատ-շատ գործոններ կան, որ մենք պետք է հաշվի առնենք»,-ասել է Գալստյանը։
ԿԲ նախագահն ընդգծել է, որ ներկա պայմաններում ԿԲ խորհրդի անդամների մեծամասնությունը հակված է հիմնական դրույքաչափն անփոփոխ թողնել, սակայն հարցը քննարկելու են հաջորդ նիստում։
Գալստյանի խոսքով՝ գնաճը դեռևս էական ազդեցություն չի ունենում տնային տնտեսությունների վրա, քանի որ գնաճային սպասումները մնում են կայուն։
«Մենք չենք տեսնում մի իրավիճակ, երբ գնաճային սպասումները կորցնում են կապը թիրախային կողմնորոշիչների հետ»,- ասել է նա։
Գալստյանը հավելել է, որ, իր գնահատմամբ, դրամավարկային քաղաքականությունը կմնա «ողջամիտ» և թույլ կտա միջնաժամկետ հեռանկարում գնաճը վերադարձնել թիրախային մակարդակին։
ԿԲ նախագահի խոսքով՝ Կենտրոնական բանկի համար ամենամտահոգիչը շարունակում են մնալ սպառողական վարկերը, և այդ թեման պարբերաբար քննարկվում է առևտրային բանկերի հետ։ Նրա խոսքով՝ ԿԲ-ն գործընկերներին մշտապես կոչ է անում զգոն լինել և ուշադիր հետևել ռիսկերին։
Գալստյանը նշել է, որ առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4%, ինչը մոտ է երկարաժամկետ միտումներին։ Նրա գնահատմամբ՝ եթե վարկավորումը շարունակի աճել նույն տեմպերով, կարող են ձևավորվել ավելի մեծ անհավասարակշռություններ։
Այդ պատճառով, նրա խոսքով, ինչպես առևտրային բանկերը, այնպես էլ ԿԲ-ն պետք է ուշադիր հետևեն իրավիճակին, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կրկին կիրառվել բանկային բուֆերների ավելացման քաղաքականություն։
Գալստյանի խոսքով՝ ֆինանսական կայունության տեսանկյունից առանձնացվում են երկու հիմնական ռիսկեր՝ արտաքին և ներքին։
Նրա գնահատմամբ՝ 2025 թվականին շարունակում են գերակա մնալ համաշխարհային քաղաքական և տնտեսական բարձր անորոշությունից բխող ռիսկերը, իսկ 2026-ին Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունն արդեն դարձել է համաշխարհային տնտեսության համար զգալի բացասական գործոն՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի, ֆինանսական շուկաներում տատանողականության ուժեղացման և պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման։
