Ռազմական գործողությունները կվերսկսվեն և կլինեն ավելի ինտենսիվ, քան նախկինում, եթե չհաջողվի պայմանավորվածություններ ձեռք բերել Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցությունները լավ են ընթանում։ Սա կլինի հրաշալի գործարք բոլորի համար, կամ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի. դա կլինի վերադարձ ռազմական գործողություններին ու կրակոցներին, բայց ավելի մեծածավալ ու ինտենսիվ, քան նախկինում երբևէ։ Եվ ոչ ոք դա չի ցանկանում»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։
Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հղում անելով անծանոթ աղբյուրին՝ գրել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Թեհրանը միջնորդների միջոցով փոխանցել է, որ երկրների միջև համաձայնության չի լինի առանց Իրանի սառեցված ակտիվների որոշակի մասի նախնական ազատման։
