Իրանի հետ գործարքին զուգահեռ՝ մերձավորարևելյան երկրները պետք է միանան «Աբրահամի համաձայնագրերին». Թրամփ

Իրանի հետ գործարքին զուգահեռ՝ մերձավորարևելյան երկրները պետք է միանան «Աբրահամի համաձայնագրերին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ առաջ են ընթանում, սակայն վերջնական համաձայնագրի կնքման համար նոր, պարտադիր նախապայման է սահմանում։ Ըստ նրա՝ տարածաշրջանի իսլամական երկրները պետք է միաժամանակ ստորագրեն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման «Աբրահամի համաձայնագրերը»։

Թրամփը նշել է, որ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցների ընթացքում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարներին փոխանցել է իր պահանջը։ Նա ընդգծել է, որ եթե այս երկրները հրաժարվեն միանալ հաշտության պատմական գործընթացին, ապա չպետք է մաս կազմեն Իրանի հարցով սպասվող մեծ գործարքին, քանի որ դա ի ցույց կդնի նրանց «վատ մտադրությունները»։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ համաձայնագրի կնքումից հետո պատրաստ է տեսնել նաև հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը «Աբրահամի համաձայնագրերի» կազմում, ինչը Մերձավոր Արևելքին կբերի աննախադեպ տնտեսական հզորություն և խաղաղություն։ 

«Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Կամ կլինի «մեծ գործարք բոլորի համար» կամ ընդհանրապես ոչ մի գործարք…

Ես պարտադիր կերպով խնդրում եմ, որ բոլոր երկրներն անմիջապես ստորագրեն Աբրահամի համաձայնագրերը։ Եթե Իրանը ստորագրի համաձայնագիրն ինձ հետ, նրանց համար պատիվ կլինի մաս կազմել այս աննախադեպ համաշխարհային կոալիցիային։ Մերձավոր Արևելքը կլինի միասնական, հզոր և տնտեսապես ուժեղ, ինչպես, թերևս, աշխարհի ոչ մի այլ տարածք»,- գրել է Թրամփը։

Leave a Comment