Արտաքին քաղաքականությունը՝ կառավարության ամենամեծ ձախողում․ IRI հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ International Republican Institute (IRI) հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ կառավարության վերջին վեց ամիսների հիմնական ձախողումը արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն է։

Հարցվածների 6 տոկոսը որպես գլխավոր խնդիր նշել է «սխալ արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն», 4 տոկոսը՝ կառավարության կադրային քաղաքականությունն ու ընդհանուր վատ աշխատանքը, սահմանային անվտանգության բացակայությունը, 3-ական տոկոս՝ գնաճն ու արտաքին պարտքի աճը, դատական համակարգի վատ աշխատանքը և Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը։

2-ական տոկոս են ստացել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կրթության ցածր որակը, տարածքային ամբողջականության պահպանման խնդիրները, ճանապարհաշինության վատ որակը և իշխանությունների ճնշումը հոգևորականների նկատմամբ, ինչպես նաև հանրային տրանսպորտի ցածր որակը։

1-ական տոկոսով նշվել են բանակի թուլացումը և կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը և մի շարք սոցիալական և ինստիտուցիոնալ խնդիրներ, այդ թվում՝ Բաքվում պահվող գերիների հարցը, գյուղատնտեսական խնդիրները, հասարակության բաժանված լինելը, ցածր թոշակները, համընդհանուր առողջապահական ապահովագրության ստեղծումը, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, եկեղեցու բարեփոխումների դանդաղ ընթացքը, քաղաքական բանտարկյալների առկայությունը , Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը և այլ հարցեր։

Հարցվածների 11 տոկոսը նշել է «այլ» պատասխաններ, 21 տոկոսը՝ որ որևէ ձախողում չի տեսնում, իսկ 40 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Leave a Comment