ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարերար Լևոն Վարթան Դեր ԲեդրոսյանԻ հետ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գառնիում գորգերի թանգարան ստեղծելու նպատակով, հայտնել են ԿԳՄՍՆ-ից։
Հուշագրի համաձայն՝ Դեր Բեդրոսյանը նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույք, ինչպես նաև իր անձնական հավաքածուն։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևոր է հայկական գորգարվեստի պահպանման, հանրահռչակման և ապագա սերունդներին փոխանցելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ այն կարող է դառնալ մշակութային նոր կենտրոնի ձևավորման հիմք և խթանել զբոսաշրջային ու կրթական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Նախաձեռնությունը կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
Դեր Բեդրոսյանը նշել է, որ գորգարվեստը հայկական մշակույթի ինքնատիպ և կարևոր բաղադրիչներից է, որն արտացոլում է ժողովրդի պատմությունը, ավանդույթներն ու գեղարվեստական մտածողությունը։
ԿԳՄՍ նախարարությունը կապահովի թանգարանի մասնագիտական և կազմակերպչական կայացումը, հավաքածուների պահպանումը և թանգարանի գործունեությունը։
