Օսիպյանը շարունակում է հացադուլը․ ՀԿ-ները պահանջում են նրան ազատ արձակել

Արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական գործիչներ պահանջել են ազատ արձակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո կալանավորված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։

Միևնույն ժամանակ Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նա շարունակում է հացադուլը։ Նրա խոսքով, ի տարբերություն մյուս կալանավորների, Օսիպյանը պահվում է խոնավ պայմաններում՝ զրկված լինելով արևային լույսից։ Փաստաբանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին ու արդարադատության նախարարին՝ պահանջելով պատշաճ պայմաններ ապահովել նրա համար։

Արցախյան ՀԿ-ներն ու հայտարարության մյուս հեղինակներն իրենց հերթին Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումը համարել են անհամաչափ և մտահոգություն հայտնել, որ այն կարող է ազդել հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վրա։ Նրանք նաև քննադատել են Փաշինյանի՝ Օսիպյանին ուղղված խոսքերը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը խորացնում է հասարակական անհանդուրժողականությունը։

Հայտարարության մեջ իշխանություններին կոչ է արվել քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման և կառուցողական հանրային քննարկումների մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։ Որպես առաջին քայլ առաջարկվել է ազատ արձակել Օսիպյանին և բացառել ընտրական գործընթացում քրեական գործիքակազմի անհամաչափ կիրառումը։

Հայտարարությունը ստորագրել են «ՄեդիաՍտեփ» ՀԿ-ն, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ն, «Հանուն Հադրութի» ՀԿ-ն, «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ-ն, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն, «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ-ն, «Արցախի Թեքեյան մշակութային միություն» ՀԿ-ն, «Շունչ» ՀԿ-ն և «Ստեփանակերտ» մեդիա ակումբը, ինչպես նաև անհատներ՝ ուսուցիչներից մինչև բուժաշխատող, անհատ ձեռնարկատերեր։

Օսիպյանն Արաբկիրում Փաշինյանին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Քաղաքական գործիչը նաև պնդել էր, թե Փաշինյանը տեղյակ էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի (որն այժմ գտնվում է Բաքվի բանտում-խմբ․) կողմից բաժանվող ընտրակաշառքների մասին, սակայն, չնայած դրան, աջակցել է նրան։

Միջադեպի ընթացքում վարչապետը դիմել էր Օսիպյանին՝ հետևյալ խոսքերով. «Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Հայաստանի ղեկավարը նաև հավելել էր. «Ծպտուններդ դուրս չգա, վե՛ր ընկեք տեղներդ, թալանչի՛ անասուններ»։ Օսիպյանին նույն օրը ձերբակալել էին, կալանավորել մայիսի 21-ին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։

Leave a Comment