Եթե մենք չկարողանանք կանգնեցնել 300․000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Հավաքվել ենք քննարկելու և որոշելու մեր ժողովրդին ամենաշատը հետաքրքրող հարցը։ Մենք այս 2 ամսվա ընթացքում անդրադարձանք բոլոր տնտեսական ծրագրերին, որոնք մենք առաջարկում ենք մեր ժողովրդին։ Բոլորս հիշում ենք 300․000 աշխատատեղ, ժողովրդագրական տվյալների բարելավման համար խոշոր միջոցներ, փոքր բիզնեսն ազատում ենք բոլոր հարկերից ու ստուգումներից, և այլն։ Մարդիկ արդեն ծանոթացել են մեր ծրագրերին, բայց մենք ունենք ամենալուրջ խնդիրը։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի և Ալիևի պլանավորած 300․000 ադրբեջանցիների մուտքը ՀՀ, կստացվի որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, կամ աշխատատեղերի մեծ մասը բաժին է հասնելու ադրբեջանցիներին»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանության գալու դեպքում Կառավարության առաջին նիստին ընդունվելու է օրենք, խոսքը «Սաֆարովի կանխարգելման օրենք»-ի մասին է։
«Օրենքի համաձայն՝ ադրբեջանցիներին արգելվելու է գնել մեր հողերը, մեր տները։ Այսինքն ինչ էլ, որ մենք անենք, ինչքան տնտեսությունը փորձենք զարգացնել, եթե մեր երկրի գլխավոր խնդիրը մենք չենք լուծում, դա արժեք չի ունենալու»,- ընդգծել է Կարապետյանը։