Գազա օգնություն հասցնող ավստրալացի ակտիվիստները Իսրայելում բռնության են ենթարկվել, գրել է Reuters գործակալությունը։
Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ ձերբակալվածները ենթարկվել են բռնությունների, սեռական ոտնձգությունների և ծեծի, ինչի հետևանքով որոշ ակտիվիստներ հայտնվել են հիվանդանոցում։ Իսրայելի քրեակատարողական ծառայությունը հերքել է այս մեղադրանքները, իսկ լրատվամիջոցը դրանք չի կարողացել ստուգել անկախ աղբյուրներով։
Անցյալ շաբաթ միջազգային ջրերում իսրայելական ուժերի կողմից կանգնեցված 50 նավերի 430 կամավորների թվում, որոնք փորձում էին մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, 11 ավստրալացի կար։ Նավատորմի կազմում ներգրավված էին 40 երկրների ներկայացուցիչներ։
Օգնության տեղափոխումը կազմակերպած Global Sumud Flotilla նախաձեռնությունը հայտարարել է, որ փաստագրել է սեռական բռնության առնվազն 15 դեպք, որոնցից ամենադաժանները տեղի են ունեցել իսրայելական դեսանտային նավերից մեկում, որը փշալարերով ու բեռնարկղերով վերածվել էր ժամանակավոր բանտի։ Այս հայտարարությունը տարածվել է Իսրայելի քրեակատարողական ծառայության կողմից վատ վերաբերմունքի, բռնաբարությունների և սեռական ոտնձգությունների մեղադրանքների համատարած հերքումից հետո։
Դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունները մեծացրել են Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումը։ Սրան նպաստել է նաև ծայրահեղ աջակողմյան ոստիկանության նախարար Իտամար Բեն-Գվիրի հրապարակած տեսանյութը, որտեղ նա հեգնում է գետնին կապկպված ակտիվիստներին, ինչը համաշխարհային դատապարտման է արժանացել։ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը տեսանյութն անվանել է «ցնցող և անընդունելի»։ Նշենք, որ Ավստրալիան անցյալ տարի ճանապարհորդական արգելք և ֆինանսական պատժամիջոցներ էր սահմանել Բեն-Գվիրի նկատմամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնություն հրահրելու համար։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։
