Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար Երևանում պետք է լինի կառուցողական տրամադրված ղեկավարություն, իսկ հետագա ճանապարհի ընտրությունը մնում է հայ ժողովրդի որոշմանը։ Այս մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ուղին, ինչից կտուժեն թե՛ հայ ժողովուրդը, թե՛ երկրի տնտեսությունը։
«Մենք պատրաստ ենք շարունակել ՀՀ-ի և նրա ժողովրդի հետ փոխշահավետ համագործակցության և իրավահավասար փոխգործակցության զարգացումը։ Սակայն դրա համար մեր դաշնակից երկրում պետք է հայտնվի կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը կցանկանա բարեկամական հարաբերություններ պահպանել ՌԴ-ի հետ», — նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդևի խոսքով՝ ճանապարհի ընտրությունը մնում է հայ ժողովրդի ձեռքում։