Պեկինի Տյանանմեն հրապարակում դեռ չէր մարել Դոնալդ Թրամփին դրոշներով դիմավորող երեխաների աղմուկ-աղաղակը, երբ հանդիսավոր գորգերը կրկին փռվեցին՝ այս անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որը մայիսի 19-20-ին իր 25-րդ այցն էր կատարում Չինաստան։
Քաղցրաբլիթներ Ռուսաստանին
Արտաքին փայլը կատարյալ էր․ ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը ռուսական պետական քարոզչության համար տոն էր կազմակերպել՝ Պուտինին ցուցաբերելով իր հանդիսավորությամբ Թրամփին չզիջող շքեղ ընդունելություն։ Արարողակարգային բաց տեսարաններում բարձրագոչ հայտարարությունների պակաս չկար՝ հատկապես «բազմաբևեռ աշխարհի» ու «ռազմավարական գործընկերության» տոնայնության մեջ։
Մինչդեռ սառը հայացքով դիտելիս այս ծխածածկույթի տակից երևում է բոլորովին ուրիշ իրականություն։ Մակերեսին Վլադիմիր Պուտինը ստացավ իր խամրող հեղինակությունը փայլեցնելու քարոզչական ազատ գործելու հնարավորություն («քարտ բլանշ»): Ռուսական հանրությանը և Արևմուտքին հասցվեց ուղերձ. Ռուսաստանը մեկուսացված չէ, այն նստում է համաշխարհային առաջնորդների նույն սեղանի շուրջ, և Չինաստանի պես հզոր պետությունը նրա կողքին է։
Պուտինն իր հետ տուն տարավ ընդհանուր մոտ 40 ստորագրված փաստաթուղթ։ Դրանց թվում էին նաև բավականին ծավալուն համատեղ հայտարարությունը՝ «Համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ուժեղացման մասին», ինչպես նաև «Բազմաբևեռ աշխարհի ձևավորման և նոր տիպի միջազգային հարաբերությունների մասին» ազդեցիկ վերնագրով համատեղ հռչակագիրը։ Չնայած դրանց լիակատար հռչակագրային բնույթին՝ Կրեմլը դրանց հնչեղ վերնագրերը թմբկահարելու է որպես Ռուսաստանի ու Չինաստանի ռազմավարական մերձեցման և բազմաբևեռ աշխարհի ձևավորման ռուս-չինական տանդեմի փաստաթղթավորում։
Չինական դիվիդենտները
Իսկ այդ ընթացքում Չինաստանն ամրապնդեց սեփական դիրքերը մի քանի ուղղություններով։
Նախ՝ ստորագրված հռչակագրերով Պեկինը Մոսկվայից կորզեց անվերապահ և բացարձակ համախոհություն Թայվանի հարցը «Մեկ Չինաստան» սկզբունքով լուծելու իր ամենասկզբունքային խնդրում։ Ռուսաստանն այդ կերպ ստանձնեց պատասխանատվություն Թայվանի դեմ Չինաստանի ցանկացած հետագա ռազմական ներխուժման (ինտերվենցիայի) համար՝ դառնալով Պեկինի աշխարհաքաղաքական վահանն ընդդեմ ԱՄՆ-ի։
Մինչդեռ Պուտինին չհաջողվեց Չինաստանից լիարժեք ռազմաքաղաքական աջակցություն ստանալ ուկրաինական հարցում։ Փաստաթղթերում ճգնաժամի «արմատական պատճառները վերացնելու» մասին վերացական ձևակերպումներն ընդամենը դիվանագիտական «կոնֆետ» էին Մոսկվայի «բերանը քաղցրացնելու» համար։ Իրականում Չինաստանը պաշտոնապես մնաց «չեզոք»։ Ավելին, հայտարարության մեջ հղում է կատարվում ՄԱԿ-ի կանոնադրության պահանջների պահպանմանը, որի հետ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման մասով, Ռուսաստանը խնդիրներ ունի։
Երկրորդ՝ կողմերը հպարտությամբ հայտարարեցին, որ իրենց 240 միլիարդ դոլարանոց առևտրաշրջանառությունը գրեթե 100%-ով անցել է ռուբլով և յուանով հաշվարկների։ Իրականում դա ոչ թե ռուբլու միջազգայնացում է, այլ չինական արժույթից ռուսական ֆինանսական համակարգի կախվածության մեծացում։ SWIFT-ից կտրված Ռուսաստանն իրեն կախվածության մեջ է դնում ՉԺՀ Կենտրոնական բանկի կամքից և չինական բանկային միջավայրից։
Երրորդ՝ կողմերը նաև խնդիր են դրել ձևավորել թվային տնտեսության, միկրոչիպերի, արհեստական բանականության և տեխնոլոգիական նորարարությունների վրա հիմնված համատեղ նախաձեռնություններ։ Ռուսաստանում արդեն կա չինական ապրանքանիշերի ավտոմեքենաների արտադրություն։ Խոսվում է նաև գունավոր մետաղագործության, դեղագործության, ավիացիայի և տիեզերքի յուրացման ոլորտներում համատեղ նախաձեռնությունների մասին։ Ըստ էության՝ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի «տեխնոլոգիական զարգացումը» վերածվում է չինական արտադրանքի պարզ տեղայնացման, իսկ ռուսական շուկան ամբողջությամբ բացվում է չինական տեխնոլոգիական ծավալապաշտության (էքսպանսիայի) առաջ։
Դրա դիմաց Պուտինին չհաջողվեց լուծել «Сила Сибири — 2» գազատարի՝ Ռուսաստանի համար կենսական նշանակության հարցը։ Մոսկվան հույս ուներ, որ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմը, որը սպառնում է Չինաստանի ծովային էներգետիկ ուղիներին, կստիպի Սի Ծինպինին ստորագրել Արևմտյան Սիբիրից Մոնղոլիայի տարածքով անցնող այդ նոր գազատարի վերջնական պայմանագիրը։ Սակայն Պեկինը փաստացի մերժեց դա՝ օգտագործելով Ռուսաստանի լոգիստիկ ու պատժամիջոցային խոցելիությունը և շարունակելով պահանջել գազի դիմաց վճարել ռուսական ներքին՝ սուբսիդավորվող գներով։ Չինաստանը ցույց տվեց, որ ինքը կարող է սպասել, քանի որ ունի ածխաջրածնային ռեսուրսների ներկրման դիվերսիֆիկացված համակարգ, իսկ եվրոպական շուկան կորցրած «Գազպրոմն» այն չունի։
Չորրորդ՝ Չինաստանը հատուկ հոգ էր տարել նաև, որ ստորագրված այդ հիմնական փաստաթղթերում ՌԴ-ի հետ իր հարաբերությունները ձևակերպվեն որպես «ոչ դաշնակցային»։ Պեկինը խուսափում է Ռուսաստանի հետ պաշտոնական դաշինք ձևավորելուց։ Չինաստանը չի ուզում թույլ տալ, որ Կրեմլի ռազմական արկածախնդրություններն իրեն ուղիղ պատերազմի մեջ ներքաշեն Արևմուտքի հետ, որին նա ավելի շատ դիտարկում է որպես իր արտադրանքի սպառման շուկա։
Երբ Պեկինը դարձվում է աշխարհաքաղաքականության նոր կենտրոն
Այս իմաստով, թույլ դիրքերով Թրամփի և Պուտինի այցերի համատեքստում, Պեկինի պահվածքն ի հայտ է բերում Սի Ծինպինի մեծ խաղի տրամաբանությունը։
Թրամփի հետ հանդիպմանը Չինաստանը հանդես էր գալիս որպես համահավասար գերտերություն։ Սի Ծինպինը Թրամփին առաջարկում էր համաշխարհային քաղաքական կայունության համար, իբրև հավասարազոր գերտերություններ, հենց երկուսով պատասխանատվություն ստանձնել, որտեղ չկա երրորդը։ Նրանց համատեղ հայտարարությամբ այդ փաստն արձանագրվեց։ Իսկ ահա Պուտինի այցը Չինաստանն օգտագործեց որպես սեփական թիկունքի պաշտպանության ցուցադրություն՝ Վաշինգտոնի հետ գլոբալ դիմակայությունում։ Պուտինի ներկայությունը Պեկինում ազդակ էր Թրամփին. «Եթե ԱՄՆ-ն կոշտացնի առևտրային պայմանները, Չինաստանն ունի հզոր հակաարևմտյան ռազմավարական հարթակ (պլատֆորմ)»։
Այս երկու այցերով թե՛ ԱՄՆ-ն և թե՛ Ռուսաստանը Չինաստանին պաշտոնապես դրեցին աշխարհաքաղաքականության նոր կենտրոնի դերում։ Սի Ծինպինը թույլ տվեց Վլադիմիր Պուտինին սեփական ժողովրդին մատուցել աշխարհի եռաբևեռության և Ռուսաստանի՝ որպես հավասարազոր հեգեմոնի միֆը։ Եվ մինչ Մոսկվան վայելում է այդ «կոնֆետի» քաղցր համը, Պեկինը նրան նրբորեն տեղավորեց երկրորդ էշելոնի խաղացողի, Չինաստանի «կրտսեր գործընկերոջ» և հումքային կցորդի դերում։
Գոռ Աբրահամյան
