ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրումը մայիսի 24-ին չի սպասվում, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի՝ Թրամփի վարչակազմի անանուն պաշտոնյային։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները կառուցողական են ընթանում՝ նշելով, որ ինքը հանձնարարել է բանակցողներին չշտապել գործարքի հարցում, քանի որ ժամանակը Վաշինգտոնի օգտին է։
«Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումը այսօր չի սպասվում», – գրել է Ռավիդը սոցիալական ցանցերում։
Ավելի վաղը Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագրին։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:
