«Ինչո՞ւ չես զոհվել»․ Փաշինյանի խոսքերից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել

Արցախում մարտական գործողությունների մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախցի Արթուր Օսիպյանի և Արցախի իշխանությունների հասցեին և այլ խմբերի հասցեին հնչեցրած հայտարարություններից հետո սկսել են սոցիալական ցանցերում հրապարակել զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարներ և տեսանյութեր։

Մասնավորապես, Երևանում նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը վիճաբանության մեջ էր մտել Օսիպյանի հետ և հայտարարել․ «Գնայիիր, զոհվեիր, ինչո՞ւ ես կենդանի մնացել»։

Ավելի ուշ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, հարց էր հնչեցրել, թե ինչու պատերազմի ընթացքում նրա որդիներից և հարազատներից ոչ ոք չի զոհվել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների այս հայտարարությունները լայն արձագանք են առաջացրել մարտական գործողությունների մասնակիցների և հասարակական գործիչների շրջանում, ինչից հետո սոցիալական ցանցերում սկսվել է ակցիա՝ զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարների, հիշողությունների և զոհված ընկերների մասին հրապարակումներով։

44-օրյա արցախյան պատերազմի վետերան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը Euromedia24-ին տված հարցազրույցում վարչապետի խոսքերն անվանել է «վիրավորական և նվաստացուցիչ»։

Նա հայտարարել է, որ պատերազմի ընթացքում կորցրել է 9 մարտական ընկերոջ, որոնք զոհվել են իր կողքին, ուստի «ինչո՞ւ չես զոհվել» հարցն ընկալում է որպես անձնական վիրավորանք և զոհվածների հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Ղազարյանը հեգնանքով նշել է, որ «ներողություն է խնդրում, որ չի զոհվել», և հավելել, որ գուցե դա «չի արդարացրել ինչ-որ մեկի սպասելիքները»։

«2020-ից հետո փորձել եմ ուղղել այդ սխալը՝ 2021 թվականի սահմանային բախումների ժամանակ, 2022 թվականին՝ Վարդենիսի ուղղությամբ ներխուժման ընթացքում։ 2023 թվականին դուք [ՀՀ իշխանությունները- խմբ․] արդեն թույլ չտվեցիք, արգելեցիք հայկական բանակի ներգրավումը՝ Արցախում փաստացի ցեղասպանության ենթարկվող մեր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Արդյունքում Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, վերածվեց մի կողմի, որը փակեց այդ հարցը։ Փաստացի մենք միայնակ թողեցինք մեր եղբայրներին ու քույրերին»,- նշել է Ղազարյանը։

Նա հավելել է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է Արցախի պաշտպանության քաղաքականությունից և փաստացի տարածաշրջանը թողել առանց աջակցության։ Ղազարյանի կարծիքով՝ դա հարված է հասցրել բանակի մարտական ոգուն և պաշտպանունակությանը։

Ղազարյանի խոսքով՝ իշխանությունները տարբեր ժամանակներում 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը վերագրել են տարբեր անձանց և գործոնների՝ դասալիքներից մինչև զինվորականներ, «Իսկանդեր» հրթիռային համակարգ և արտաքին դերակատարներ։ Նրա գնահատմամբ՝ սա պատասխանատվությունը սեփական անձից այլոց վրա տեղափոխելու փորձ է։

Ղազարյանը, անդրադառնալով «11 հազար դասալիքի» վերաբերյալ մեղադրանքներին, նշել է, որ թեման ավելի խորքային վերլուծության կարիք ունի։ Նրա խոսքով՝ զորահավաքի համակարգում առկա էին կառուցվածքային խնդիրներ․ պահեստազորային ստորաբաժանումներն ու զորահավաքային ծրագրերը պատշաճ կազմակերպված չէին կամ պատերազմի նախաշեմին լուծարվել էին, ինչը, նրա գնահատմամբ, ազդել է բանակի մարտունակության վրա։

Ղազարյանը նշել է, որ Արցախում մարտերին մասնակցած բազմաթիվ ընկերներ ունի և նրանցից հաճախ հետաքրքրվել է, թե ինչու չեն կարողացել ավելի երկար դիմադրել։ Նրա խոսքով՝ պատասխանները կապված էին ուժերի սպառման և ապահովման խնդիրների հետ․ զինվորները դիրքերում սոված էին, սննդի և հացի պակաս կար, ինչպես նաև բավարար վառելիք չկար տեխնիկան տեղաշարժելու համար։ Նրա գնահատմամբ՝ այդ պայմաններն ազդել են մարտունակության վրա։

Նա նաև նշել է, որ արտաքին աջակցության, այդ թվում՝ Հայաստանի կողմից հնարավոր օգնության հույսի բացակայությունը լուրջ ազդեցություն է ունեցել զինվորների մարտական ոգու վրա։ Ղազարյանի խոսքով՝ երբ մարտիկները տեսնում էին, որ հայկական բանակը չի միջամտում, դիմադրությունը նրանց համար կորցնում էր իմաստը։

Նրա կարծիքով՝ գործող իշխանությունները պատերազմի և Արցախի թեման օգտագործում են քաղաքական աջակիցների մոբիլիզացման և հասարակությունը բաժանելու նպատակով։ Ղազարյանի գնահատմամբ՝ իշխանությունների հռետորաբանությունը միտված է խորացնելու բևեռացումն ու ընտրազանգվածի մի մասի պահպանմանը՝ վախի և հուզական ազդեցության միջոցով։

«Փաշինյանը ձեռքը վերցրել է մի քարտեզ, որը որևէ իրավական հիմնավորում չունի։ Այդ քարտեզի զգալի մասն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ինքը նույնիսկ չի կարող այն տնօրինել։ Ի՞նչ «իրական Հայաստանի» և ի՞նչ «խաղաղության» մասին է խոսում։ Խաղաղությունը չի կարող պատանդի կարգավիճակում լինել։ Եթե սա խաղաղություն է, ապա մեր գերիներն ի՞նչ են անում Բաքվում»,- հայտարարել է Ղազարյանը։

Փաշինյանի հայտարարությունները քննադատության ալիք են առաջացրել ինչպես պատերազմի մասնակիցների, այնպես էլ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Facebook-ում և Instagram-ում օգտատերերը վարչապետի՝ պատերազմի մասնակիցների և Արցախի բնակիչների հասցեին հնչեցրած խոսքերը գնահատել են որպես վիրավորական և սադրիչ։ Քննարկումներում նաև հնչել են մեղադրանքներ հասարակության մեջ լարվածության խորացման և իշխանությունների նկատմամբ անվստահության աճի վերաբերյալ։

Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է այդ մեկնաբանություններից մի քանիսը։

«Երբ պիտակավորում են անհատները, կարող է վնասակար լինել, սակայն երբ դա անում է կառավարությունը, հետևանքները շատ ավելի խորն են։ Վերջին տարիներին Հայաստանում տարածվել է մի մոտեցում, երբ Արցախի բնակիչներին ներկայացնում են ոչ թե որպես պատերազմ, շրջափակում վերապրած և հայրենիքը լքելուն հարկադրված մարդկանց, այլ որպես քաղաքական խնդիր»,նշել է Արթուր Հովհաննիսյանը։

«Ես չեմ զոհվել՝ չգիտեմ ի ուրախություն, թէ՞ ցավոք սրտի։ Վերջին իրադարձություններից հետո եզրակացրել եմ, որ մեզ՝ արցախցիներիս, հստակ ասում են՝ հեռացե՛ք այստեղից, մենք չենք ուզում ձեզ այստեղ տեսնել։ Բայց ես երբեք չեմ մտածել արտագաղթելու մասին ու չեմ արտագաղթելու։ Հիշեք՝ ընտրություններից հետո կյանք կա, և ոչինչ՝ այդ թվում՝ իշխանությունները, հավերժ չեն»,- հայտարարել է արցախցի ռեփեր, պատերազմի մասնակից Լյոկան (Վալերի Ղազարյան)։

«Հիմա եթե ես ասեմ՝ բա դու ինչու՞ ես ողջ, ինչու՞ չես մեռել, հետևիցս կգան, կձերբակալեն, բայց ինքը մեզ ասում է: Ինքը միայն այդ մարդուն չի ասում, մեզ բոլորիս է ասում, սակայն իրեն ձերբակալող չկա: Ձեզանից շատ բան չի գնում, ամսի 7-ին գնացեք ընտրատեղամաս, և դրան ցույց տվեք, թե ինչու եք ողջ, թե ինչու չեք մեռել»,- գրել է Արամ Աբաջյանը։

«Ասում ա՝ բա ինչու՞ չեք մեռել։ Բա դու ինչու՞ մարտի 1-ին թռար, չմեռար»,- գրել է Էդիկ Շախկուլյանը։

«Էսօր մի բան էլ իմացա. որոշ հարցեր տալու հնարավորություն ունի միայն և բացառապես մեռած մարդը։ «Ինչու՞ ես դու կենդանի» հարցի հասցեատերը սկզբունքորեն կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը և բացարձակ նշանակություն չունի` Արցախից է, Սյունիքից, թե Շիրակից։ Վերջ, եթե չես մեռել, ուրեմն ձայնդ չլսեմ»,- գրել է Գարեգին Պետրոսյանը։

«2020 թվականի հոկտեմբերի 21-ին Փաշինյանը դիմեց բոլոր համայնքապետերին, պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ կոչ անելով ջոկատներ ձևավորել, անձամբ ղեկավարել դրանք և մեկնել ճակատ։ Հարցը պարզ է․ նրանցից քանի՞սն իրականում նման ջոկատներ ձևավորեցին և մեկնեցին առաջնագիծ»,- գրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը։

«Ես ընդհանրապես չեմ կարծում, որ Փաշինյանը որևէ քրիստոնեական հավատքի հետևորդ է, որովհետև, որքան հասկանում եմ, քրիստոնյան չի կարող որևէ մեկին ասել՝ ինչո՞ւ չես զոհվել։ Քրիստոնյան չի կարող ցանկալի համարել որևէ մեկի մահը։ Քրիստոնյայի արժեքներին չի համապատասխանում նեղության մեջ գտնվողին, իրենց տունն ու հայրենիքը կորցրածներին բարոյական ահաբեկման ենթարկելու վարքագիծը, ինչն անում են ՔՊ-ականներն ու իրենց կողմնակիցները»,- հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։

Leave a Comment