ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, որը նախատեսում է 60-օրյա հրադադարի երկարաձգում, գրում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային։
Համաձայնագիրը, ըստ աղբյուրի, նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացում և Իրանի նավթի վաճառքի սահմանափակումների թուլացում։
Նրա խոսքով՝ համաձայնագրի ընթացքում նաև բանակցություններ կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։
Աղբյուրի գնահատմամբ՝ պայմանավորվածությունը կարող է կանխել պատերազմի հետագա սրացումն ու նվազեցնել ճնշումը համաշխարհային նավթի շուկայի վրա։ Միաժամանակ դեռ պարզ չէ՝ արդյոք այն կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության, որը կլուծի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջները։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։
Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:
