Ախալքալաք-Կարս երկաթուղին բացվել է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հավելել է, որ այդպիսով Հայաստանը Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ ունի Եվրոպական Միության հետ։
Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է, որոնք, Փաշինյանի խոսքով, իրագործվելու են TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծի իրագործման արդյունքում։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը աջակցություն է հայտնել Փաշինյանի հայտարարությանը՝ հայկական բեռների համար Ախալքալաք-Կարս երկաթգծի բացման վերաբերյալ։
Քըլըչը X-ում վերահրապարակել է Ֆեյսբուքում Փաշինյանի կատարած գրառման թուրքերեն ավտոմատ թարգմանությունը և այս որոշումն անվանել նոր քայլ Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի ոլորտում՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։
Նրա խոսքով՝ այն նաև կնպաստի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։
2025-ի մայիսին Թուրքիան որոշում էր կայացրել վերացնել Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները։
