ԱՄՆ և Իրանը 60 օրով հուշագիր կստորագրեն. Axios

ԱՄՆ և Իրանը 60 օրով հուշագիր կստորագրեն. Axios

Եվ՛ Թրամփը, և՛ միջնորդները ակնարկել են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրմանը կողմերը մոտ են։ Ըստ Axios-ի՝ ԱՄՆ պաշտոնյան ներկայացրել է հուշագրի նախագծի մանրամասն նկարագիրը, որի մեծ մասը հաստատվել է բանակցություններին մոտ կանգնած այլ աղբյուրների կողմից։

Կողմերը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր և կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

Այդ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարների, իսկ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում տեղադրված ականները, որպեսզի նավերը կարողանան ազատ անցնել։

Փոխարենը ԱՄՆ-ը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը և որոշ պատժամիջոցներից բացառություններ կտրամադրի, որպեսզի Իրանը կարողանա ազատորեն վաճառել նավթ։

Հուշագրի նախագիծը ներառում է Իրանի պարտավորությունը երբեք չձգտել միջուկային զենք ստեղծել և բանակցել ուրանի հարստացման ծրագրի կասեցման ու բարձր հարստացված ուրանի պաշարների հեռացման շուրջ։

Տեղեկացված երկու աղբյուրների համաձայն՝ Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին բանավոր պարտավորություններ է փոխանցել այն զիջումների ծավալի վերաբերյալ, որոնց պատրաստ է գնալ՝ հարստացման կասեցման և միջուկային նյութերից հրաժարվելու հարցում։

ԱՄՆ-ը կհամաձայնի 60-օրյա ժամանակահատվածում բանակցել պատժամիջոցների վերացման և իրանական միջոցների ապասառեցման շուրջ, սակայն այդ քայլերը կիրականացվեն միայն վերջնական և վերահսկելիորեն իրականացվող համաձայնագրի շրջանակում։

Վերջին ամիսներին տարածաշրջան տեղափոխված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ 60-օրյա ժամկետի ընթացքում և դուրս կբերվեն միայն վերջնական համաձայնագրի ձեռքբերման դեպքում։

Հուշագրի նախագիծը նաև հստակեցնում է, որ կավարտվի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը Լիբանանում։

Իսրայելի վարչապետ Բենջիամին Նեթանյահուն շաբաթ օրը Թրամփի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել այդ պայմանի վերաբերյալ։ 

Շաբաթ օրը Թրամփը հեռախոսազրույցի միջոցով քննարկել է համաձայնագիրը մի շարք արաբ և մուսուլման առաջնորդների հետ, և բոլորը հայտնել են իրենց աջակցությունը։

Նրանց թվում է եղել նաև ԱՄԷ-ի նախագահը, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարները, որոնք ներգրավված են եղել միջնորդական ջանքերում։

Գլխավոր միջնորդը եղել է Պակիստանը՝ ֆելդմարշալ Ասիմ Մունիրի գլխավորությամբ, որը ուրբաթ և շաբաթ օրերին գտնվել է Թեհրանում՝ փորձելով վերջնականացնել համաձայնագիրը։

Leave a Comment