«Ծաղկային» կուրություն կամ ինչպես է Մոսկվան իր դեմ տրամադրում հայ ժողովրդին

«Ծաղկային» կուրություն կամ ինչպես է Մոսկվան իր դեմ տրամադրում հայ ժողովրդին

Երբ աշխարհի գերտերություններից մեկը սկսում է պատերազմել մի փոքր երկրի դեմ ծաղիկների, ջերմուկի ու կոնյակի միջոցով, դա այլևս ոչ թե տնտեսական որոշում է, այլ իրականությունից կտրված լինելու և իրավիճակին չտիրապետելու դասական օրինակ։ Ռուսաստանը վերջին օրերին պետական մակարդակով սահմանափակումներ է մտցրել հայկական ապրանքների ներկրման վրա՝ պատճառաբանելով ինչ-որ խախտումներ և ստանդարտներ։ Պարզ է՝ սա ընտրությունների նախաշեմին ճնշում է Հայաստանի իշխանության դեմ և անուղղակի աջակցություն Ռուսաստանի զայրույթով մարդկանց ամենօրյա ռեժիմով վախեցնող Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին։

Բայց հարցը հետևյալն է՝ այս քայլերն իրո՞ք ինչ-որ բան են փոխում։

Ռուսաստանը փաստացի փորձում է վերադառնալ ազդեցության այն մեխանիզմներին, որոնք տարիներ շարունակ կիրառել է հետխորհրդային տարբեր երկրների նկատմամբ։ Տարբեր ժամանակներում նույն տրամաբանությամբ սահմանափակումների տակ են հայտնվել վրացական գինին, մոլդովական գյուղմթերքը, ուկրաինական արտադրանքը։ Հիմա, ըստ էության, նույն ձեռագիրը կիրառվում է Հայաստանի դեպքում։

Բայց այստեղ կա մի առանցքային խնդիր, որը, կարծես, Մոսկվայում թերագնահատում են։ 2026թ. Հայաստանը 2019-ի և նույնիսկ 2013-ի Հայաստանը չէ, առավել ևս՝ 2003-ի։ Երկրում արմատապես փոխվել է հասարակական ընկալումը՝ թե՛ ինքնիշխանության, թե՛ արտաքին ազդեցության, թե՛ քաղաքական ընտրության հարցերում։ Եվ այդ փոփոխությունը մեծապես պայմանավորված է ոչ որևէ այլ սուբյեկտի, քան հենց Ռուսաստանի վարքագծով, երբ Հայաստանի անվտանգային բոլոր ճգնաժամերի դեպքում դաշնակիցը կա՛մ մեղադրում էր հայկական կողմին, կա՛մ, լավագույն դեպքում, հավասարության նշան դնում ու սահմանափակվում խորը մտահոգության կոչերով։ Արցախի կորուստը, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի անգործությունը չէին կարող հայ հասարակության մեջ այլ ռեակցիա առաջացնել, քան ռուսական քաղաքականության հանդեպ խորացող հիասթափություն։

Եվ ահա այժմ, երբ Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ ՀՀ ԱԺ ընտրություններում ֆավորիտներ ունի, տնտեսական ճնշման ցանկացած քայլ Հայաստանում այլևս չի ընկալվում որպես «ապրանքների ստանդարտների խնդիր»։  

Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը առաջին հերթին համարվում են Հայաստանում ժողովրդավարության, ազատ ընտրությունների, տնտեսական զարգացման հակառակորդներ ու խոչընդոտ։ Եվ երբ Ռուսաստանը նրանց է համարում ու դարձնում ի՛ր ֆավորիտը, այդ ընկալումներն ինքնաշխատ եղանակով տարածվում են նաև ՌԴ նկատմամբ։ Իսկ տնտեսական վերոնշյալ «սթափցնող ակցիաներով» Ռուսաստանը փաստորեն ցույց է տալիս, որ կարծես ներդաշնակ է այդ ընկալումներին։

Իսկ եթե նույնիսկ Մոսկվայում նման հաշվարկ գոյություն ունի, արդյո՞ք որևէ մեկը լրջորեն գնահատել է դրա գինը։ Որովհետև տնտեսական սահմանափակումներով հնարավոր չէ ձևավորել համակրանք։ Երբ հարվածի տակ է դրվում հայկական արտադրողը, գյուղացին, արտահանողը, գործարարը, հասարակությունը դա չի ընկալում որպես հարված բացառապես իշխանությանը։ Հակառակը՝ ստեղծվում է տպավորություն, որ պատժվում է ամբողջ երկիրը՝ քաղաքական նպատակներով։ Իսկ նման իրավիճակներում հասարակությունները սովորաբար չեն համախմբվում արտաքին ուժի շուրջ։ 

Որքան ավելի կոշտ ու ցուցադրական են դառնում նման տնտեսական կամ քաղաքական ազդակները, այնքան ավելի է խորանում Ռուսաստանի օտարացումը։ Դա փաստում են նաև IRI-ի հրապարակած վերջին հարցման տվյալները։ Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը 2026թ. փետրվարի համամատ ավելացել է առնվազն 3 նիշով, իսկ վստահության ցուցիչը նվազել է 8-ով։ Արձանագրելի է, որ որքան ՌԴ-ից սպառնալիքները մեծանում են, այնքան վստահությունն այդ երկրի նկատմամբ նվազում է։ Ըստ հարցվածների՝ Հայաստանին սպառնացող 3 պետություններն են՝ Ադրբեջան (73%), Թուրքիա (58%) և … Ռուսաստան (32%)։ Այս թիվը փետրվար ամսին 29% էր, իսկ 2025թ.՝ 27%։ 2025թ. ՌԴ-ին դաշնակից և ամենավստահելի գործընկեր էր համարում ՀՀ քաղաքացիների 45%-ը, 2026թ. փետրվարին՝ 43%-ը, 2026թ. մայիսին՝ 35%։ Սրանք աղաղակող ցուցանիշներ են, որոնց հետ Մոսկվայում, փաստորեն, հաշվի չեն նստում՝ ապավինելով ճնշման լծակներին, սահմանափակումներին և հավանաբար տեղական լրտեսներից ստացված կեղծ տեղեկատվությանը։

Ու այստեղ արդեն հարցը միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը չեն։ Ռուսաստանը, փաստացի, ռիսկի տակ է դնում հայ հասարակության մոտ ունեցած իր վերջին վստահությունը՝ փորձելով խաղադրույք անել այն քաղաքական դեմքերի վրա, որոնց հաղթանակի հեռանկարները խիստ վիճելի են։ Ավելին՝ հարցն արդեն տեղափոխվել է ոչ թե իշխանափոխության, այլ անցողիկ շեմը հաղթահարելու դաշտ։

Արժե՞ այդ ռիսկը։

Արժե՞ հանուն մի քանիսի՝ ԱԺ-ում մանդատ ստանալու, ավելի խորացնել ՌԴ-ի նկատմամբ հայ հանրության հիասթափությունը և բորբոքել բացասական տրամադրություններ։  

Մի՞թե Մոսկվայում լրջորեն կարծում են, որ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալը հնարավոր է վերակենդանացնել՝ հայկական կոնյակի, ծաղիկի և ջերմուկի ներկրումը արգելելով։ Հայաստանում այսօր ամենախիստ դատավորն ու ամենազգայուն չափիչը ժողովրդի տրամադրությունն է։ Նույնիսկ նրանք, ովքեր քննադատում են Փաշինյանին, չեն կարող հանգիստ վերաբերվել արտաքին բացահայտ միջամտությանը։ Առավել ևս, երբ Քոչարյան-Սարգսյան 20-ամյա նախագահությունը ուղիղ ասոցացվում է հենց այդպիսի զրկանքների հետ և որևէ տեխնոլոգիայով չի ջնջվում մարդկանց հիշողությունից։

Եթե Մոսկվայում կարծում են, որ նման մեթոդները կարող են վերականգնել նախկին ազդեցությունը Հայաստանում, ապա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում իրականության սխալ ընկալում։ Սրա օրինակն էր այն, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը չգիտեր, որ Սահմանադրությամբ այլ երկրի քաղաքացին չի կարող մանսակցել ԱԺ ընտրություններին և ընտրվել պատգամավոր կամ վարչապետ։ 

Ազդեցությունը, որը կառուցվում է ճնշման վրա, կարճաժամկետ է։ Իսկ այն ազդեցությունը, որը կորսվում է հանրային զգացական մակարդակում, հետ բերելը երբեմն տասնամյակներ է պահանջում։

Վ. Ուլնեցի

Leave a Comment