Չինաստանը դառնում է գլոբալ միջնորդ. Գանտահարյան

Չինաստանը դառնում է գլոբալ միջնորդ. Գանտահարյան

«Radar Armenia»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– ԱՄՆ նախագահի՝ Չինաստան այցին հաջորդեց ՌԴ նախագահի այցը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Պուտինի այցը և Սի Ծինփինի հետ հանդիպումները, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

– Հաջորդականությունն արդեն իսկ ինչ-որ բան հուշում է՝ իրազեկվելու առումով, թե ինչ են պայմանավորվել Թրամփն ու Սին։ Սակայն կարծում եմ՝ կան հիմնական խնդիրներ, որոնք համակարգվում են Չինաստանի և ՌԴ-ի միջև՝ իբրև ռազմավարական գործընկերների։ Հրատապը «Սիբիրի ուժ-2» նախագծի գործարկումն է։ Մոսկվան շտապում է, մանավանդ Հորմուզի ներկա իրավիճակի ֆոնին՝ Չինաստանի համար կարևորագույն և երկարաժամկետ այլընտրանք լինելու առումով։

– Այս հանդիպումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Արդյո՞ք Չինաստանը միջամտելու է և շահագրգռված է դադարեցնել այդ պատերազմը։

– Չինաստանը խաղում է գլոբալ միջնորդի դեր։ Սա է փաստում Թրամփից հետո Պուտինի այցը։ Պեկինը շարունակում է իր ռազմավարական գործընկերությունը ՌԴ-ի հետ և պահպանում տնտեսական կամուրջները ԱՄՆ-ի հետ։ Հորմուզի ամբողջական վերաբացման կանոնները ճշտելու են Վաշինգտոնն ու Պեկինը, և սա խոշորագույն գործողություն է տնտեսական աշխարհակարգի վերաձևավորման գործում։

– Իսկ Թրամփ-Ծինփին և Պուտին-Ծինփին հանդիպումներն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ԱՄՆ-Իրան հակամարտության վրա։

– Միանշանակ՝ հակակշռման և հավասարակշռման դեր։ Համաշխարհային նշանակություն ունեցող տնտեսական հիմնական նոր ելակետը ճշտվելու է Չինաստանի հետ համակարգմամբ։ Չինաստանը կայացած տնտեսական բևեռ է, որի գոտիները նվաճում են նոր աշխարհագրություն։ Չմոռանանք, որ Պեկինի այս գլոբալ միջնորդություններից հետո սպասվում է Թրամփի և Պուտինի հանդիպումը։ Չինաստանն այնտեղ ներկա կլինի առանց ուղղակի մասնակցության։

– ԱՄՆ նախագահը կրկին խոսել է Իրանին ժամանակ տրամադրելու մասին. արդյո՞ք հնարավոր է պայմանավորվածություններ ձեռք բերել, թե՞, ընդհակառակը, կարող ենք կրկին ականատես լինել ռազմական գործողությունների վերսկսմանը։

– Չեմ կարծում, որ պատերազմական գործողությունները լայնածավալ կերպով կվերսկսվեն։ Նման հայտարարություններն ուղղված են համաձայնության գալու ճնշումներին։ Պակիստանը վերստին ակտիվացրել է իր միջնորդական առաքելությունը։ Պակիստանը տեսանելի միջնորդն է, բայց հիմնական միջնորդը, կարծում եմ, Չինաստանն է։ Թե՛ Չինաստանի և թե՛ ԱՄՆ-ի շահերից է բխում Հորմուզի ամբողջական վերագործարկումը (բացումը)՝ իհարկե, նոր կանոններով։

Արման Գալոյան

Leave a Comment