Իրաքի քաղաքացի Մոհամմեդ Բաղեր Սաադ Դաուդ Ալ-Սաադին, որը կասկածվում է Իվանկա Թրամփի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ, ձերբակալվել է Թուրքիայում և արտահանձնվել ԱՄՆ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
32-ամյա Ալ-Սաադին, ըստ ամերիկյան աղբյուրների, կապ ունի «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Քննության տվյալներով՝ նա հարձակումը ծրագրել էր՝ որպես վրեժ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության համար, որի ընթացքում սպանվել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանին։
Հաղորդվում է, որ կասկածյալը դեռևս 2021 թվականին հրապարակայնորեն հայտարարել էր իր մտադրությունների մասին՝ սոցիալական ցանցում տեղադրելով Ֆլորիդայի քարտեզը, որտեղ նշված էր Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների բնակության վայրը։ Գրառման մեջ նշվել էր, որ «վրեժը ժամանակի հարց է»։
Աղբյուրների համաձայն՝ Ալ-Սաադին ունեցել է նաև Թրամփի ընտանիքի տան գծագրերը։ Նա օգտագործել է իրաքյան ծառայողական անձնագիր, ինչը նրան հնարավորություն է տվել հեշտությամբ տեղաշարժվել տարբեր երկրներում։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրան մեղադրում է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ընդհանուր առմամբ 18 հարձակումների և հարձակման փորձերի մեջ։ Մասնավորապես, նրա անունը կապվում է Ամստերդամում բանկի հրկիզման, Տորոնտոյում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման և Լոնդոնում դանակահարության դեպքերի հետ։
