Մայիսի 23-ը Կրիաների միջազգային օրն է

Այս օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու կրիաներին՝ կենդանիների, որոնք հաճախ ընկալվում են՝ որպես պարզապես դանդաղաշարժ էակներ, բայց իրականում բնության մեջ ունեն կարևոր դեր և հետաքրքիր կենսակերպ: Այս մասին հայտնում է Երևանի կենդանաբանական այգին։

«Կրիաները միլիոնավոր տարիներ գոյատևել են տարբեր միջավայրերում՝ դառնալով բնության դիմացկունության և հարմարվողականության յուրօրինակ խորհրդանիշ։ Սակայն այսօր նրանց բազմաթիվ տեսակներ բախվում են լուրջ վտանգների՝ կենսամիջավայրերի կորստի, ջրային միջավայրերի աղտոտման, ապօրինի առևտրի և մարդու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով

Կրիաների միջազգային օրը հիշեցնում է, որ այս կենդանիների պաշտպանությունը սկսվում է իրազեկվածությունից և պատասխանատու վերաբերմունքից․ կարևոր է չվնասել նրանց բնական միջավայրը, չգնել վայրի բնությունից վերցված առանձնյակներ և ընտանի պայմաններում պահված կրիաներին երբեք բաց չթողնել բնություն:

Երևանի կենդանաբանական այգում կարող եք տեսնել կրիաների 6 տեսակ՝ Միջերկրածովային կրիա (Testudo graeca), Չինական փափկապատյան կրիա (Pelodiscus sinensis), Կարմրականջ կրիա (Trachemys scripta), Եվրոպական ճահճային կրիա (Emys orbicularis), Ամբոինյան տուփակրիա (Cuora amboinensis) և Կասպիական կրիա (Mauremys caspica)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment