Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատասխանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կոշտ հայտարարություններին։
Խոսելով Դմիտրի Մեդվեդևի մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է․ «Կոնկրետ Ձեր կողմից մատնանշված պաշտոնյան ժամանակ առ ժամանակ բոլորի նկատմամբ իրեն որոշակի այդպիսի խոսելաոճ է թույլ տալիս։
Բայց անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նշեմ, որ խնդիրներ բոլոր հարաբերություններում էլ կան, խնդիրներ ծագում են։ Մենք ընդհանրապես տրամադրված չենք մթնոլորտն ավելի լարելու կամ սրելու։ Այդ խնդիրնեը 10 տարի առաջ, 15 տարի առաջ էլ եղել են։ Չգիտեմ, ենթադրենք՝ ծիրանի մուտք, գինու մուտք, օղու մուտք և այդպես շարունակ»։
Միևնույն ժամանակ, Արարատ Միրզոյանը հերքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը «Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ»։
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ բազմաթիվ գործընկերային՝ այդ թվում և ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենք և հաստատում ենք տարբեր երկրների հետ։ Եվ մեր որևէ տեսականորեն ցանկացած 2 հարաբերություն 3-րդ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նույն կերպ մեր և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, մեր և Եվրոպական Միության ռազմավարական գործընկերության օրակարգը որևէ կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ։
Ընդ որում, մեր օրակարգերն էլ հրապարակային են՝ փաստաթղթին են հանձնված, հրապարակված են, ու մենք մեր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում։ Առավելապես էս վերջում ավելի շատ շեշտադրումը արվում է թվային օրակարգերի վրա, արհեստական բանականություն, կիբերհանցագործությունների դեմ պայքար, տնտեսական կապերի աշխուժացում։ Բայց նաև, օրինակ, աջակցություն Հայաստանում ժողովրդավարության դիմակայունությանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Եթե սա ռուսաստանցի գործընկերներին դուր չի գալիս, դժվար եմ հասկանում՝ ինչո՞ւ։ Եվ եթե, միևնույն է, դուր չի գալիս, ապա, երևի, պետք է իրենք էլ ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար»,- ընդգծել է ԱԳ նախարարը։